Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/471

Այս էջը հաստատված է

Հիւանդ տեղով մեզ՝ բժիշկներիս ձեռք է առնում, ծաղրում է, որ բծերը314 լաւ չպահեցինք ու նրանք էլ խռովեցին ու փախան և որ լաւ «հեքիմ» չենք»: Խօսում է այլևայլ նիւթերի մասին: Իր հիւանդութիւնով, կարծես, չի հետաքրքրում: Այո՛, զարմանալի մարդ է Արամը:

Այդ օրերին պարկած էին, ի միջի այլոց, և՛ Սահակ Թորոսեանը, ինժ. Թորգոմ Նիկողոսեանը, քաղաքային վարչութեան անդամ Յակոբ Յարութիւնեանը (վերջին երկուսը վախճանուեցին), որոնց այցելում էի յաճախ: Երբ գալիս էի Արամի մօտ, միշտ հետաքրքրւում էի իր մասին, միշտ էլ պատասխանում էր՝ «լաւ եմ»: Եւ այդ ասում էր ոչ թէ նրա համար, որ լաւ էր, այլ որպէսզի մենք չանհանգստանայինք: Իսկ իրապէս լաւ չէր: Իր վիճակը գնալով բարդացաւ ու վերին աստիճան սաստկացաu: Հիւանդութեան 18-րդ օրը կորցրեց գիտակցութիւնը և գրեթէ մինչև վերջ մնաց այդ վիճակում՝ օրհասական պայքար մղելով հիւանդութեան դէմ: Եւ մահը յաղթեց: Յունուար 29-ին Արամը այևս չկար:

Գիտակցութիւնը կորցնելուց յետոյ, մի երկու անգամ, շատ կարճ ժամանակով, ուշքի եկաւ: Սկզբներում Արամի վիճակը բժիշկներին մտահոգութիւն չէր պատճառում․ վստահ էին, որ նրա առողջ կազմուածքը վերջ ի վերջոյ պիտի յաղթանակէր: Բայց երբ ուշագնացութիւնը տևեց շատ երկար, նրանց սիրտը կասկած մտաւ։ Եւ այդ կասկածը նրանք բարձրաձայն յայտնեցին հիւնադի մօտ, վստահ, որ նա չի կարող լսել: Սակայն, որքան մեծ եղաւ նրանց զարմանքը, երբ հիւանդից լսեցին.

-Ի՞նչ էք ասում, ոտքս գետին տամ` սարերը կը դողան: Եւ այնուհետև բժիշկները որքան աշխատեցին, այլևս ոչինչ չլսեցին նրանից:

Թէև քաղաքն այն օրերին լի էր հիւանդներով, գրեթէ ամէն օր յուղարկաւորութւիններ էին տեղի ունենում, և մարդկանց սիրտը քարացել էր, բայց Արամի վիճակով հետաքրքրում էին ամէնքը և ուշադրութեամբ հետևում նրա հիւանդութեան, որի բարդանալուց յետոյ, մարդիկ սկսեցին մեծ անհանգստութիւն արտայայտել: Երբ Արամը գիտակցութիւնը կորցրեց՝ քաղաքում ծայր տուին չարագուշակ լուրեր:

Անձամբ երկու-երեք անգամ, փողոցով անցնելիս, լսեք եմ Արամի մահուան մասին այն ժամանակ, երբ բժիշկները դեռ իրենց յոյսը չէին կորցրել: Այդ լուրերը, չգիտեմ ի՞նչ ճանապարհով, հասնում էին և՛ Արամի ականջին:

Մի անգամ, մի քանի վայրկեան ուշքի գալով, նա կանչում է իր մօտ կնոջը և հարցնում.

Լսեցի՞ր, Կատիւշա:
Ի՞նչ, Արամ։
Ժողովուրդն ասում է՝ Արամը մեռաւ:
Եւ նորից ընկղմւում է մոռացութեան մէջ: