Դրանից առաջ էլ, երբ նորից ուշքի է գալիս, հարցնում է Ռոստոմի մասին (այդ ժամանակ Ռոստոմը չկար, վախճանուել էր, բայց Արամը չգիտէր): Տիկինը նրան ուրախացնելու նպատակով պատասխանում է.
Ռոստոմը շուտով պիտի գայ Երևան:
- Դե՛, հալաւս պատրաստի՛ր: Ռոստոմը որ գայ, վեր եմ կենալու,- ասում է Արամը:
Եւ դարձեալ ուշքը գնում է:
Վ. Մինախորեանը պատմում էր, որ Արամի մահւանից մի քանի օր առաջ, հիւանդի մօտ եղած ժամանակ նկատում է, որ նա ուշքի գալու փոքրիկ նշաններ է ցոյց տալիս: Փորձում է հետը խօսել:
- Արա՛մ, Արա՛մ, ինչպե՞ս ես,- կրկնում է մի քանի անգամ:
- Լաւ եմ, լաւ,- վերջապէս հազիւ լսելի ձայնով պատասխանում է հիւանդը:
Արամի վերջին խօսքն էր այդ:
Նա մեռաւ Յունուար 29-ին, ցերեկուայ ժամը 3-ին: Բօթը ինձ հաղորդեցին հեռախօսով:
Երբ մի երկու րոպէ յետոյ, մօտենում էի Արամի բնակարանին, այնտեղից դուրս էին գալիս Յ. Քաջազնունին և Աւ. Սահակեանը: Ներսը, ընդարձակ սրահի մի անկիւնում, լուսամուտի մօտ, տխուր, մտազբաղ կանգնած էր բժիշկ Բաբալեանը: Արամի ննջարանը տանող դուռը բաց էր: Ինքը անշնչացած պառկած էր մահճակալի վրայ: Հարևան սենեակից լսւում էին հեծկլտանքներ: Մօտեցայ մահճակալին և ծունկի եկայ...
Ինքնամոռացութիւնից ինձ հանեցին աղիողորմ, սրտամորմոք հառաչանքները: Գլուխս բարձրացրի: Վանեցի քոյրիկն էր, որը խնամում էր Արամին մինչև նրա տիկնոջ Երևան փոխադրուելը:
Սրահը լցուեց այցելուներով:
Արամի յուղարկաւորութիւնը համաժողովրդական մեծ սուգ էր: Հազարաւոր մարդիկ եկել էին վերջին յարգանք մատուցանելու այն մարդուն, որին վստահել էին իրենց բախտը կեանքի ամենածանր օրերին: Ես գիտէի, թէ ի՞նչ էր եղել Արամը այդ ժողովրդի համար, բայց և այնպէս երբ դագաղը դուրս բերեցինք բնակարանից, այն, ինչ որ տեսայ դուրսը՝ մի վայրկեան սթափեցրեց մեծ կորուստի ագդեցութիւնը ու զարմանք պատճառեց: Աչքդ որ կողմ ուղղում էիր՝ ծով բազմութիւն: Փողոց, տանիք, պատշգամբ, լուսամուտ՝ ամէն տեղ բռնուած էր մեծ տարածութեան վրայ: Ամբողջ քաղաքը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պօղոս-Պետրոս եկեղեցուց սկսած մինչև հանգստարան դիակառքը մնաց դատարկ: Դագաղը տանում էին ձեռքերի վրայ:
Դաշնակցութեան Տան առջև դամբարանականներ խօսուեցին: Հոյակապ էր ու անմոռանալի մանաւանդ Նիկոլ Աղբալեանի խօսքը: Հանգստարանում խօսեցին Յ. Քաջազնունին, Ա. Գիւլխանդանեանը և ուրիշներ:
Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակուած էր ընդհանուր սուգով...