Էջ:Արևմտահայ բանաստեղծներ ժողովածու.pdf/151

Այս էջը սրբագրված է

ԼՃԱԿԻՆ ՄՈՏ

Մահվընես վերջն ալ պիտի հոգամ քեզ,
Հոգիս ընտանի թռչունի մը պես,
Պիտի գա մեղմիվ ուսիդ վրա թառիլ
Տենդահար ճակտիդ բոցին հետ վառիլ:

Հոգիս թռչունին այն կերպարանքով
Պիտի թևածե միշտ սընարիդ քով,
Վշտերե ընկճված կյանքիդ սփոփանք
Մընչելով յերգեր՝ սիրո արձագանգ:

Նուրբ փետուրներու վոլորթով գգվոտ,
Աշնան լուսնակին ցոլքով նվաղկոտ,
Վերջին վարդերուն խնկավետ բույրով,
Սիրված շրթներու հեշտին համբույրով:

Քերովբեներու ճերմակ պըսակեն
Թափված թերթերով համակ լուսեղեն՝
Յերազներ հյուսած տարտամ հեշտորոր
Պիտի սրբե քունն աչերուդ աղվոր: