Այս էջը հաստատված է

երբեմն մինչև ուշ գիշեր կաշխատեր։ Անիկա, նույնիսկ, ամեն տարի այդ եղանակին վրա կդներ հույսը տանը բացառիկ պիտույքները հոգալու համար, բայց միշտ ալ որևէ անսպասելի դժբախտություն կխանգարեր անոր համեստ հաշիվները։

— Աման, ճանըմ, չաջողվածին մեկն է,— կըսեր Իպրաքսե հորաքույրը խոր արհամարհանքով, երբ Սահակի կինը, Նունիկը, իր քաղցր և հոգնած ձայնով կթվեր մարդուն կրած հուսախաբությունները։

— Քա՛, ինչո՛ւ չաջողված պիտի ըլլա,— կըսեր ան մեղմորեն բողոքելով,— բախտ չունինք, ատ ըսե․․․

Դրացիներ կմտնեին երկաթագործ Սահակին տունը և դուրս կուգային հապճեպ տեղեկություններ հարցնելով Իպրաքսե հորաքրոջը, որ սրտնեղութենեն հոնքերը պռստած, մեկ մը խոհանոց կվազեր՝ տնային գործերով զբաղելու, մեկ մը կուգար հիվանդին սենյակը՝ անոր ճակտին դրված թաց լաթը նորոգելու։

Նունիկը պառկած էր բազմոցին վրա, և անոր դեմքը դժգույն էր մեռելի նման՝ աչքերը փակ էին, բայց ան քնած չէր, երբեմն խուլ տնքոց մը կարձակեր, բայց կարծես հանկարծ կսթափեր և ինքզինքը կզսպեր։

Երկու տարի առաջ անիկա թոքատապով հիվանդացեր էր և անկե ի վեր չէր գտեր իր առողջությունը։ Բժիշկի կարծիքով, ան պետք ուներ առատ սնունդի և օդափոխության, բայց այդ բաները իրենց նման մարդոց համար անհասանելի երազներ էին։ Մարդը օրնիբուն կաշխատեր հնոցին առաջ, սալին վրա շիկացած երկաթը կծեծեր և իր վաստակածով հազիվ թե կկարողանար ընտանիքին անհրաժեշտը հոգալ։

Նունիկը կարծես ամոթահար էր իր հիվանդությունով։ Իր պատճառով մարդու պարտքերու մեջ խեղդված էր։

— Ախ յավրում,— կըսեր ան իր տղուն, գլուխը շարժելով, երբ ինքզինքը քիչ մը ամուր կզգար և կմտածեր, թե ինքն ալ շուտով կարող կըլլար գործ մը ընելու,— հարըդ ամեն օր երկաթ ծեծելով խուշին կաթը անպակաս կըներ տունեն․․․ աս հիվանդության տիրացա, ամեն հաշիվ տակնուվրա եղավ։