Այս էջը հաստատված է

մարդիկ անձնասպան եղեր էին․․․ վերջապես․․․ Իսկ այդ միջոցին թոթովախոս Սոկրատեսի տղան, քանի մը ոսկիի փոխարեն, տեր դարձեր էր հարստության։ Քանի մը ամիսեն այդ հողերը ոչ թե մեկի փոխարեն հարյուրով, այլ հազարով կծախվեին։ Հետո հողին գինը ինկեր էր, բայց առիթեն օգտվողը օգտվեր էր։ Ընկերություն մը կազմվեր էր և սկսեր էին շինություններ կառուցել: Շիտակը ըսելով,— կհարեր Զարեհ էֆենդին,— չեմ ուզեր իմ պատվական հորս հավիտենական քունը խանգարել իմ դժգոհություններովս, բայց երբեմն կմտածեմ, թե Արիստաքիի չափ ալ չի կար, որ այն ատեն պեխերը հազիվ բուսած էին, և ինչպե՞ս հայրս ալ չմտածեց օգտվիլ առիթեն, այսօր աղվոր հարստություն մը կունենայի ձեռքս․․․ Խաչի՛կ,— կըսեր Զարեհ էֆենդին՝ խորը հառաչելով,— անանկ ատեններ էին, որ աքաղաղը անգամ հավկիթ կածեր, քարը սեղմեիր՝ ոսկի կկաթեր․․․ Արիստաքին գիներու անկումեն առաջ ծախեր էր իր հողերր և ձեռք էր բերեր պատկառելի դրամագլուխ մը։ Անիկա կամաց-կամաց ընդարձակեր էր գործը. նախ՝ կողքի երկու խանութները գներ էր «պատաառ մը հացի գինով» և վարձեր էր բանվորներ։

Երբ Զարեհ էֆենդին իբրև գործակատար մտեր էր Արիստաքիի մոտ, որ գրել֊կարդալ անգամ չէր գիտեր և գրագիրի մը պետք ուներ, դեռ դրացի փոքր արհեստանոցներ կային, ուր գործատերը կաշխատեր իր աշակերտով։ Բայց շուտով անոնք մեկիկ-մեկիկ անհետացան, որովհետև գյուղացիներու ոտքը կտրվեցավ, մինչդեռ Արիստաքիի արհեստանոցը օր-օրի կուռճանար։ Անիկա իր ուշադրությունը կենտրոնացուցեր էր քաղաքի պատվերներու վրա։ Քաղաքը կփոխվեր, բանքաներ, առևտրական ընկերություններ կբացվեին։ Ոչ միայն կառքով երթևեկությունը սովորական կդառնար, այլև կշատնար թիվը անոնց, որ մասնավորի կառքերու պետք ունեին։ Արիստաքիի արհեստանոցին մեջ, բացի դարբնոցը, կար կահագործարան, ներկերու բաժին և այլն։ Մոտ վաթսուն ամեն արհեստի աշխատավորներ կգործեին, որովհետև այնտեղ ոչ միայն կառքեր կնորոգեին, այլև ամբողջ կառքեր կշինեին Եվրոպայեն եկած կառքերու մոդելներով։