Եվ անմիջապես նաև մրցումը Ճիզվիտին և Դըրջանին մեջ ստացավ սուր հանգամանք։ Տասը տարիե ի վեր երկու արհեստանոցները գրեթե հավասար հաջողություններով կմրցեին իրար հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը կանգ չէին առներ որևէ միջոցի առաջ։ Գին կոտրել, տեղին համեմատ աշխատավարձ բարձրացնել, իրար բամբասել հաճախորդներու առաջ, փորձել օգտվել քաղաքական խառնակ դրություններե, երբ երբեմն մեկուն հայ ըլլալը, երբեմն ալ մյուսին հույն ըլլալը, նայելով դեպքերուն, աննպաստ դրություն կստեղծեր մեկին և մյուսին համար, սովորական միջոցներ էին։
Բայց երբ երկու մրցակիցները վարձեր էին հայ բանվորները գրգռել հույն բանվորներու դեմ, և փոխադարձաբար, չէին հաջողած, շնորհիվ Խաչիկի և Վասիլի կորովի վարմունքին և պայծառատեսության, այդ երկու ընկերները հաջողեր էին իրենց վարկով, որ արդյունքն էր իրենց անկաշառ ուղղամտության, հայ և հույն աշխատավորները պահել համերաշխության մեջ։ Երբ նորեկ բանվորներու մեջ որևէ միջադեպ պատահեր, ազգային կամ կրոնական հողի վրա, ավագ և փորձված արհեստավորները անմիջապես կմիջամտեին և անհամաձայնությունը կխեղդեին իր սաղմին մեջ։ Խաչիկը և Վասիլը այդ համերաշխությունը կամրապնդեին, երկու աշխատանոցներու արհեստավորներու անհատական և հավաքական խնդիրները դնելով ամենուն առաջ։ Մնացյալը կկատարեր կյանքի փորձը, առօրյան, և երբ հայ և հույն երկու աշխատանոցի բանվորները կհավաքվեին և կխոսեին իրենց գործատերերու անխղճության վրա, հաճախ կբացականչեին.
— Երկուքն ալ մեկ շան սերունդե են։
Բանվորները կտեսնեին, թե ինչպես, հակառակ իրենց մեջ եղած բուռն մրցումին, երբ երկու գործատերերը իրարու հանդիպեին, իրար կբարևեին քաղաքավարությամբ, իրար կհրավիրեին Թոդաթլյանի ճաշարանը և նույնիսկ իրարու հետ գործեր կփոխանակեին։ Եվ եթե անտեղյակ մեկը տեսներ, թե ինչպես սիրալիրությամբ կխոսակցեին անոնք և ինչպիսի հոգածությամբ կհետաքրքրվեին իրարու առողջության մասին, նույնիսկ թանկագին խորհուրդներ կուտային իրարու, անհնարին էր, որ մտածեր, թե անոնք պատրաստ էին իրարու արյուն խմելու: