Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՃԻԶՎԻՏԸ

Վերջին տասնյակ տարիներուն Զարեհ էֆենդին իր մտերմական խոսակցությունները դադրեցուցեր էր Խաչիկին հետ, և անոնց հարաբերությունները պաշտոնական գարձեր էին։ Բարպան ո՛չ շողոքորթվեր էր առաջին տարիներուն գործատերին ցույց տված մոտութենեն— այդ իրեն չէր կարող զարմացնել, քանի որ «պապատան, դեդեդեն» տեսած էր, որ արվարձաններու նահապետական ուստաները մոտ են ոչ միայն իրենց արհեստավորներուն, այլև աշակերտներուն— և ոչ ալ վշտացեր էր, որ Զարեհ էֆենդին հետզհետե կդառնար հեռավոր և պաշտոնական։ Զարեհ էֆենդին այլևս չէր հաճախեր ոչ Լյուքսեմբուրգի սրճարանը և ոչ ալ Բոմոնթիի գարեջրատունը։ Անիկա կերթար Թոգաթլյանի հյուրանոցը և Բեբա-Պալաս, ուր և կուտար իր ժամադրությունները։ Իսկ այդ տեղերը Բարպան ոտք չէր դներ։

Գործատեղիին մեջ Զարեհ էֆենդին կշարունակեր Բարպային հետ հարգանքով վարվիլ և վստահիլ անոր ուղղամտության և գործնական խորհուրդներուն։ Թեև Խաչիկը երբեմն սրտնեղություն կպատճառեր իրեն, միջնորդելով մեկ կամ մյուս բանվորին համար, բայց Զարեհ էֆենդին կզգուշանար Բարպան սրդողեցնել, որովհետև շատ լավ գիտեր, որ այդպիսի հավատարիմ փոխանորդ համարյա առանց վարձքի, անհնարին էր ձեռք բերել։ Զարեհ էֆենդին կգնահատեր նաև Բարպային ունեցած ազդեցությունը իր աշխատավորներու վրա։ Անիկա, որևէ մեկե ավելի, նույնիսկ