Բարպան կներկայացներ խնդիրը պարզությամբ և անմիջապես կհայտներ նաև իր կարծիքը։
Երբեմն Զարեհ էֆենդին անմիջապես կհամաձայներ, արժեցնելով սակայն իր վարմունքը որպես հատուկ սիրալիրություն Բարպայի նկատմամբ։
— Քանի որ այդ է քու կարծիքդ,— կըսեր ան,— թող այդպես ըլլա, Խաչի՛կ, ուրի՞շ․․․
— Ուրիշ բան չի կա։
Բարպան ոտքի կելլեր, և Զարեհ էֆենդին կառաջնորդեր Խաչիկը մինչև նախասենյակ. անիկա ցուցարար կերպով երբեք չէր թերանար տանտիրոջ քաղաքավարական պարտականություններուն մեջ. նախասենյակին մեջ կսպասեր, որ Խաչիկը բալթոն և կրկնակոշիկները հագնի, և երբ սպասուհին դուռը կբանար, Զարեհ էֆենդին ձեռքը դնելով դռան փեղկին, քիչ մը կորացած, վերջին անգամ մըն ալ կբարևեր, մորուքը առաջ ցցելով և աչքերը կկոցելով, իբր թե իրենց երկուքին մեջ համաձայնություն մը կար, որ ուրիշները պետք չունին գիտնալու, և դուռը մեղմորեն կգոցեր, երբ Բարպան արդեն հառաջացած էր սանդուղներուն վրա։
Բայց երբեմն խոսակցությունը այդքան շուտ չէր վերջանար։ Զարեհ էֆենդին կդիմադրեր և կսկսեր խրատել Խաչիկը։
— Խաչի՛կ, ինչ միամիտ մարդ ես,— կըսեր ան,— դուն ամեն մեկին խոսքին մի հավատար, ամենքը քու սրտովդ մի դատեր։ Այդ բանվորները հանած-վարած մարդիկ են. քեզի պես կակուղ մարդ գտեր են, վրադ հեծեր են։
Խաչիկը կպնդեր և կսկսեր սրտնեղիլ։
— Ինչպե՞ս կուզես որ,— կըսեր Զարեհ էֆենդին,— քեզի պես ազնիվ մարդը խաբողներուն գործը կարգադրեմ, ուզածնին տամ։
— Այստեղ խաբեբա չի կա, ամենքն ալ իմ ընկերներս են,— կըսեր Խաչիկը կնճռոտելով։
— է՜հ լավ, ժամանակ տուր ինձի, կմտածեմ, բան մը կընեմ։
— Մտածելիք բան չի կա, ահա՛ խնդիրը․․․ Երբ խոսակցությունը երկար կտևեր, սպասուհին, ափսեի մը վրա, մեկ փոքր բաժակ սուրճ կբերեր և կհրամցներ