Այս էջը հաստատված է

Վիկտորյան պահ մը լուռ և խոհուն դիտեց Միհրանը և հետո խոսեցավ Բարպային մասին.

— Բարպան դերդ մը ունի․ երեկ իրիկուն կզակը չէր բացվիր կոր․․․ այս առտու ալ, չի տեսա՞ր, դանակը մսին մեջ խոթես, պուտ մը արյունը չելլար․․․

Բարպայի հոգերը ավելի մերձավոր էին Միհրանին, և ան կրնար անոնցմով զգացվիլ, բայց պատանիին անսահման լավատեսությունը թույլ չի տվավ, որ անիկա արձագանք տար Վիկտորյայի մտահոգության։

— Աղեկ որ միասին պիտի ըլլաք,— ըսավ Վիկտորյան,— հեմ բան մը կիմանաս, հեմ ալ քու վրադ խոսք կբացվի, քու կոլեջիդ խնդիրը կկարգադրվի․ Բարպան ալ կուրախանա։

Հետո երկարով բարձրացան սուֆան, որպեսզի Միհրանը հագվի։

Բարպան և Վիկտորյան ո՛չ դրամ և ոչ ալ խնամք կխնայեին Սիհրանը լավ հագվեցնելու համար։ Բարպան ըսեր էր, որ այնպես մը պիտի ընե, որ երբ քեռորդին կոլեջը մտնե, ոչ մեկ բանով ետ չի մնա մյուս աշակերտներուն քով։ Դեռ այն ատեն Միհրանը գաղափար չուներ պատանիներու հագուստ-կապուստի վայելչության մասին։ Մորենական տանը եղած ժամանակ ոչ մեկ անգամ իրեն համար հատուկ հագուստ չէր գնված։ Մայրը կկարեր, կկարկատեր հորը ցնցոտի դարձած հագուստները, երբ անոնք այլևս «վրայեն կթափեին», ինչպես կըսեր խեղճ մայրը, և տղուն համար բան մը կհարմարցներ, ինչպես որ կարենար։ Ահա թե ինչու, առանց որևէ կասկածի, Միհրանը հագավ կուրծքը օսլայած ճերմակ շապիկը, որուն կարծր օձիքը, ծնոտին տակ, փափուկ մորթը կկտրեր դանակի պես, և երբ Վիկտորյան մեծ դժվարությամբ դրավ օձիքին կոճակը և բացկապույտ մետաքսե փողկապը կապեց, որուն գույնը կհարմարեր մութ գույն կապույտ կոստյումին, սրունքներուն անցուց տաբատը, որ մինչև ոտները կիջներ, Միհրանը չի կրցավ իր ուրախությունր զսպել։ Անիկա՝ ինքն իր վրա հիացած, երկուքի ծալվելով կդիտեր տաբատին ծայրերը, որ հատկապես եղած ծալքերով մը կիյնային նոր գուլպաներով ոտքերուն վրա։ Հետո