Այս էջը հաստատված է

սկսան դառնալ անտարբեր, բայց Միհրանը այնքան լեցուն էր ուրախությունով, որ ժպտալով կնայեր անծանոթ անցորդներուն, անոնց հետ բաժնելու համար իր զգացումները։ Վերջապես հասան Մելքոն աղայի խանութը, ուր Բարպան սովորություն ուներ ածիլվելու։ Բարպան առավ «Բյուզանդիոն» մը և ֆեսը տվավ, որ իր ածիլվելու միջոցին դնեն կաղապարին վրա։ Ակնթարթի մը մեջ Միհրանին ֆեսն ալ թռավ գլխեն։ Դուրսը, խանութին ցուցափեղկին առաջ, գլանաձև պղնձյա տաքացած կաղապարներու վրա, հաճախորդներու ֆեսերը շարքով կարդուկվեին։

Երբ Բարպան ածիլվեցավ, և բերուքերը Միհրանին մազերը կտրելե հետո, աչքերը կսկծելու աստիճան ուժեղ անուշահոտություններով օծեց և սանտրի հարվածներով էլիֆներ շինեց ճակտին վրա, ուրիշ սպասյակ մը իրենց արդուկած ֆեսերը բերավ՝ ձեռքերուն վրա ճոճելով։ Բարպան լայնորեն վարձատրեց սպասարկողները, հետո վճարեց Մելքոն աղային, որ դրամը երբեք ձեռքե ձեռք չէր ստանար, հաճախորդները ուղղակի դրամը կդնեին արկղին մեջ, մինչ ինքը ցուցարար անուշադրությամբ կխոսեր օրվան քաղաքական անցուդարձերու մասին։

— Է՛հ, Միհրա՛ն, հիմա քիչ մը երերանք,— ըսավ Բարպան, երբ փողոց դուրս եկան։

Շոգենավին մեջ Միհրանը կրեց հեքիաթային տպավորություններ։ Կարծես անիկա կորսնցուցեր էր իր մարմնի ծանրությունը, իր ֆիզիկական էության թանձրությունը և կսավառներ երազային աշխարհի մը մեջ։ Բարպան առեր էր առաջին կարգի տոմսակներ, և նստեր էին շոգենավի վերի հարկի կամրջակին վրա, կտավե վարագույրներով պատսպարված անկյուն մը, առանձին թիկնաթոռներու մեջ։ Օդը հիանալի էր, ո՛չ տաք, ո՛չ ցուրտ։ Փիրուզի նման Մարմարան իր անծալ և ջինջ կապույտով կտարածվեր իրենց շուրջ բոլորը. կարծես անիկա կարտացոլեր անամպ և շողշողուն երկինքը, որ կկամարանար իրենց վրա։ Ծովու