հեռավորություններու մեջ անհամար խուսափուկ ցոլքեր կվառեին և կմարեին անընդհատ։ Մեղմ սյուքը, տոգորված ծովու հոտով՝ նոր կտրված ձմերուկի զով հոտը, մեղմորեն կօրորեր վարագույրները, որոնք երբեմն կուռեին առագաստներու պես, երբեմն ալ կշաչեին ահագին դրոշակներու նման։ Ճամփորդները, որոնք մեծ մասամբ եվրոպացիներ էին, կերթևեկեին կամրջակին վրա, ազատ շարժումներով, ծերունի մը, գլուխը կասքեթով ծածկած, ծխամորճ կծխեր. ուրիշներ, բազկաթոռներու կամ նստարաններու վրա նստած, կկարդային կամ կխոսակցեին իրարու հետ։ Միհրանին ուշադրությունը գրավեց զլխաբաց, կիսով ճաղատ, բարձրահասակ և խարտյաշ մարդ մը, որ կլոր ապակի մը դրեր էր մեկ աչքին վրա, ինչ որ կնճիռներ հառաջ կբերեր դեմքին այդ կողմը։ Միհրանը, նախ, իրենցմե դուրս ուրիշ ֆեսավոր մարդ չի տեսավ, բայց հետո, երբ մորեղբորը հրավերով ոտքի ելավ քիչ մը քալելու համար կամրջակին վրա, կայմին ետևը գտավ խումբ մը ֆեսավորներ, որոնք մեկուսացած մյուս ճամփորդներեն, իրար հետ կխոսակցեին ցած ձայնով։ Կամրջակին մյուս կողմը Միհրանը տեսավ կիներ, թեթև ամառային հագուստներ հագած, գլուխնին ծածկած պարզ հարդե գլխարկներով, որոնք ճռվողելով կխոսեին իրենց ընկերակցող այրերուն հետ։ Միհրանը կզարմանար, որ տարեց կիները երիտասարդ կիներեն չէ կարելի տարբերե՝ բացի իրենց ճերմակ և գանգրած մազերեն, բայց ինչ որ իրեն հանկարծ շլացում պաաճառեց, կարծես թե տեսիլք մըն էր, որովհետև անհնարին էր հավատալ իր տեսածի իրական գոյության։ Տարեց, գլխարկավոր պարոնի մը քով, որ նստած էր բազկաթոռին մեջ, կանգնած էր խարտյաշ աղջիկ մը, երեսը դարձուցած ծովին։ Անիկա հագած էր ճերմակ մուսելինե հագուստ, խիտ ծալքերով։ Մեջքին ուներ երկնագույն լայն ժապավեն, որ կռնակին վրա կապված էր լայն հանգույցով մը։ Զույգ մը թանձր և երկայն, ցորենի հասկի գույն մազի հյուսկենները նույնպես իրենց ծայրերուն կկրեին երկնագույն ժապավեններ։ Սև գուլպանները, պրկված՝ սրունքներուն վրա, կկորսվեին քղանցքի ծալքերուն մեջ։ Ոտքերուն կկրեր սև փայլուն կիսակոշիկներ, արծաթ ագույցներով։ Թևերը կիսով մերկ էին,
Էջ:Բարպա Խաչիկ.djvu/115
Այս էջը հաստատված է