Այս էջը հաստատված է

մտածեցի, որ իմ կավալիերս կըլլաս․ ես շատ կուզեմ կավալիեր ունենալ, դու չե՞ս ուզեր․․․

– Կուզեմ,— ըսավ Միհրանը՝ առանց որոշ գիտնալու թե ի՞նչ էր կավալիեր ըլլալը։

Մաննիկը իր հյուրը տարավ ցանկապատին առաջ, և պահ մը հենված անոր՝ դիտեցին ծովը։

— Ես շատ շուտ կհոգնիմ,— ըսավ Մաննիկը,— ես կուզեմ, որ կավալիեր ունենամ, որպեսզի թևը մտնեմ, երբ հոգնիմ։ Մայրիկս ալ շուտ կհոգնի և մոբարին թևը կբռնե, երբ պտույտի կերթանք․ ես ալ կուզեմ Արտակին թևը մտնել, բայց անիկա չի սիրեր ինձի։

Մաննիկի աչքերը տխրեցան և դարձան դեպի Միհրանը ներուժ նայվածքով։

— Կկարծե՞ս, որ չի սիրեր ինձ․․․— ըսավ ան շշուկով։

Միհրանը կուզեր ըսել, թե այդպես բան անկարելի է, բայց շվարած մնաց․ և արդեն Մաննիկը միտքը փոխեց և սկսավ ծիծաղել։

— Ինչո՞ւ քեզ այդպես հագվեցուցեր են․․․ անպատճառ պետք է փոխես․․․ ա՜հ, մոբարս կուգա կոր մայրիկիս հետ․․․

Մաննիկը կաղալով վազեց դեպի դուռը։ Միհրանը քանի մը քայլ հեռուեն հետևեցավ Մաննիկին։

Զարեհ էֆենդին տանը մուտքի սանդուղներուն վրա թողուց ազգականուհին, գլխարկը և ձեռնոցները հանձնեց սպասուհիին և հապճեպով եկավ Բարպային մոտ։

— Բարև՛, բարև՛,— ըսավ անիկա և երկու ձեռքերով բռնեց Բարպային ձեռքը և ուժով թոթվելով ավելցուց, մինչ մորուքի ծայրը կցցվեր դեպի Խաչիկը․— աս ի՞նչ անուշ հով փչեր է, Խաչի՛կ, մեզի այցելության եկեր ես․․․ ի՜նչ աղեկ մտածեր ես, հապա՜․․․ անցյալ օր տիկինին կըսեի․ ամառը անցնելու վրա է, մեր Խաչիկը մեյ մը չերևաց։

Բարպան իր ամբողջ արժեքին մեջ հասկնալով Ճիզվիտին կեղծավորությունը, ակնհայտնի կերպով գոհ էր, որովհետև անիկա կմտածեր, թե Զարեհ էֆենդիի այդ վարմունքը կդյուրացներ իր այցելության նպատակի իրագործումը։

– Երբ սպասուհին ըսավ, թե մեկը եկեր է գործի համար,— հարեց Զարեհ էֆենդին,— անկեղծ ըսելով՝