Այս էջը հաստատված է

դժգոհեցա։ Մեկ կիրակի մը ունինք, գործերե հեռու, հանգստանալու համար, բայց երբ քեզի տեսա, աչքերուս չհավատացի․ մեր Խաչի՜կը, ըսի, մեր բարեկամն է և բարի եկեր է, հազար բարով։

— Գործի մը համար եկեր եմ,— ըսավ Բարպան, մեկ հոնքը բարձրացնելով։

Զարեհ էֆենդին նստեցավ նստարանին վրա և հրավիրեց Բարպան, որ նստի․ հետո դառնալով Միհրանին, որ այդ պահուն եկավ մորեղբորը մոտ, հարցուց.

— Ո՞վ է այս սիրուն երիտասարդը։

– Քրոջս տղան է,— ըսավ Բարպան և գրպանեն հանեց մետաղյա ծխախոտի տուփը։

— Քու պատվական անունդ ի՞նչ է, երիտասարդ,— ըսավ Ճիզվիտը՝ դեպի Միհրանը դառնալով և ցուցամատը և միջնամատը երկարեց անոր։

— Միհրան Դեմիրճյան,— ըսավ պատանին և, մինչև մազերուն արմատները կարմրելով, սեղմեց Զարեհ էֆենդիին մատները։

— Ի՜նչ գեղեցիկ անուն,— գոչեց Զարեհը,— Միհր, արևի աստվածն է, մեր պատմության հեթանոսական փառապանծ անուններեն մեկը․ տղաս, նայե որ արժանի ըլլաս այդ անունին։

Բայց նշմարելով, որ Բարպան սիգարեթ մը կոլորեր, ձեռքովը փակեց անոր տուփը և արգելք ըլլալով՝ գոչեց․

— Խաչի՛կ, ի՜նչ կընես, հիմակ մեզի սիգարեթներ կբերեն։

Եվ անիկա ձեռքերովը ծափ տվավ։

Սպասուհին երևցավ հեռուեն։

— Մեզի մեյ–մեկ սուրճ և Բաֆրայի սիգարեթներ բեր,– ըսավ Զարեհ էֆենդին անոր։

— Ես գործի համար եմ եկեր,— ըսավ կրկին Բարպան։

Բայց Զարեհ էֆենդին, որ, անշուշտ, իր միտքը ուներ, բացականչեց․

— Դեռ ժամանակ ունինք գործի վրա խոսելու. հիմակ քեզի պես պատվական բարեկամ մը եկեր է, և գո՜րծ, գո՜րծ։ Ամեն բան իր տեղը կերթա, Խաչի՜կ, քիչ մը շուրջ բոլորդ