Այս էջը հաստատված է

նայե, օդ մը առ, նստինք, խոսինք ասկե-անկե, հետո գործի համար ալ ժամանակ կգտնենք,— և ընդոստ Միհրանին դառնալով՝ ըսավ․

— Ո՞ր դպրոցը կերթա այս համակրելի երիտասարդը։

Միհրանին սիրտը բռնված թռչունի պես թպրտաց կուրծքին մեջ։

Բարպան, նախ, պահ մը լուռ մնաց, հետո, իբր անկարևոր խնդիր, կարծես ի միջի այլոց, ըսավ․

— Կուզեմ կոր ֆրերներուն կոլեջը դնել։

— Ա՜հ․․․ հա՜․․․— բացականչեց Զարեհ էֆենդին․ հետո տեսնելով, որ Բարպան ավելի բան չըսավ, ավելցուց․— Է՜հ, խոսե՞ր ես կոլեջի տեսուչին։

— Այո՛,— ըսավ Բարպան,— դժվարություններ կան։

— Կհասկնամ,— պատասխանեց Զարեհ էֆենդին, կարծես ինքն ալ օրինավոր գտնելով այդ․ անիկա պահ մը լուռ նայեցավ Միհրանին և Բարպային, հետո ավելցուց․— Լավ գաղափար ես ունեցեր, Խաչի՛կ, տղան ընդունակ կերևա կոր։ Մեր Արտակն ալ կոլեջ կերթա։ Հիմակ մեզի համար ամենեն կարևորը ֆրանսերենն է։ Այդ է բանալին ամեն բանի։ Է՛հ, ի՞նչ դժվարություններ կան։ Դպրոցի վարձքը ծա՞նր է քեզ համար։

— Այդ չէ,– ըսավ Բարպան,— Միհրանին կրթության համար բերնես կկտրեմ, կուտամ։

— Չէ՛, եթե այդ է, քեզի կօգնեմ,— ըսավ Ճիզվիտը աչքերը կկոցելով, ինչպես եթե երկուքին մեջ եղած գաղտնիքի մը մասին խոսեր։

Բայց Բարպան բողոքեց և հայտնեց, որ օգնության պետք չուներ։

— Հա՛,— ըսավ Զարեհ էֆենդին, կարծես նոր խելք ընելով,— դասակարգի խնդի՞ր կընեն կոր․ ճիշտ ըսելով, Խաչի՛կ, իրավունք ալ ունին․ մեզմե ոչ մեկը չուզեր, որ իր տղան ասդիեն–անդիեն հավաքված հերգելեներու հետ — ներողություն, ստահակներու հետ — քով–քովի նստի, անոնցմե գեշ խոսքեր և գեշ բաներ սորվի․․․ բայց այդ բոլորը ձեզի համար չէ, այդ ալ կհասկնամ․․․ Բայց, Խաչի՛կ,— ըսավ