Այս էջը հաստատված է

Այդ միջոցին Միհրանը, բոլորովին անտեղյակ Բարպային և Զարեհ էֆենդիին թաքուն մտահոգություններուն, բոլոր հոգվովը կցանկար հասկնալ, թե ինչո՞ւ տանտիրոջ այդ ջերմ հյուրասիրության անիկա ցույց կուտար գրեթե կոպիտ դիմադրություն և անքաղաքավարի մերժում։ «Բարեբախտաբար,— կմտածեր անիկա,— շոգենավ չի կա»։

Միհրանը անչափ հետաքրքիր էր ավելի խորը մխրճվելու այդ հեքիաթային կյանքին մեջ, մտնելու տունը, տեսնելու տիկինը, որ կերևակայեր անմատչելի բարձրության վրա, և, մանավանդ, կրկին խոսելու Մաննիկին հետ, որուն փոսիկներով ժպիտը սիրտը գերեր էր, հակառակ որ դեռ քեն պահած էր անոր՝ սանդուղներու վրա արձակած քրքիջին համար, երբ իրենք դռան առաջքն էին։

Բարպան և Զարեհ էֆենդին իրենց սուրճ կխմեին և կծխեին, բայց Միհրանը զգաց, որ մորեղբայրը համակերպած չէր կացության։ Վերջապես, կրկին Զարեհ էֆենդին խզեց լռությունը և Միհրանին դառնալով՝ ըսավ․

— Այս երիտասարդը, անշուշտ, կձանձրանա կոր․ գնա՛, պտույտ մ'ըրե, տղա՛ս, պարտեզին մեջ։ Հիմակ Արտակը կուգա, մորը քովն է. քիչ մը անհանգիստ է տիկինը, իսկ Մաննիկը ո՞ւր է,— ըսավ ան՝ գլուխը դարձնելով պարտեզին խորություններուն և աչքերով որոնելով վարդագույն աղջիկը։

— Զարմանալի աղջիկ է Մաննիկը,— ավելցուց անիկա,– միշտ կգանգատի, որ իրեն տարեկից ընկեր չունի և երբ հիմակ մեկը կա, անհետացեր է։

Երբ Միհրանը հեռացավ, Բարպան ըսավ.

— Իմ ըսելիքս Ապոստոլին համար է։

— Է՜, գուշակեցի, խեղճ տղան,— ըսավ Զարեհ էֆենդին, երկու ձեռքերը իրար միացնելով և բիբերը վեր բարձրացնելով։

— Մինչև հիմակ,— ըսավ Բարպան,— մեր տղաքը հոգացին. երկու անգամ մեր մեջը հանգանակություն ըրինք և դրամը հանձնեցինք մորը։ Բժիշկ, դեղ, բան մը պակաս չրինք։