Այս էջը հաստատված է

մեկ ծարն ալ մեզի կդպչի,— ըսավ Բարպան,– մենք ուզենք, չուզենք համերաշխ ենք։

Զարեհ էֆենդիին մատներու շարժումը արագացավ, բայց անիկա իր սրտնեղությունը զսպեց և ըսավ հաշտարար ձայնով․

— Խաչի՛կ, ես քեզի կճանչնամ, դուն ոսկի սիրտ ունիս, բայց, չի վշտանաս, քիչ մը միամիտ ես։ Քու պակասություններեդ մեկն ալ — ո՞վ պակասություն չունի, ամենքս ալ հողեղեն ենք — այն է, որ շատ ականջ կկախես Վասիլին։ Խաչի՛կ, տե՛ս, ես քեզի բարեկամաբար կխոսիմ։ Վասիլը վտանգավոր մարդ է, անոր միտքը բոլորովին ուրիշ է։ Քու միտքիդ անկյունեն անգամ չանցնիր, թե Վասիլը ի՞նչ որոմ կուզե ցանել արհեստավորներուն մեջ։ Դուն գիտես, թե ինչպես, հին բարի ժամանակները, գործատերը և աշխատավորները հոր և որդու պես կապրեին։ Ի՞նչ գեշություն կար։ Ճիշտ է, ժամանակները փոխված են, մենք ուստա Հայրապետ չենք, բայց նորեն հաշտ կրնանք ապրիլ։ Վտանգը ամեն տեղ կրնա պատահիլ,— ըսավ Ճիզվիտը, պահ մը լուռ մնալե հետո,— տանը մեջ ալ կրնա պատահիլ․․․ Օգներ եք խեղճ Ապոստոլին, աղեկ ըրեր եք, ես բրավո կըսեմ, կծափահարեմ․․․ Եթե պետք ըլլա, բանով մը ես ալ կմասնակցիմ, բայց Վասիլին ըրածը ուրիշ բան է, սա սկիզբն է երկանց․․․

Բարպան ուզեց խոսիլ, բայց Զարեհ էֆենդին միջամտեց․

– Այդ տեսակ բան մը եղած ատեն, դուն պետք էր, որ առաջուց խորհուրդ հարցնեիր․․․ ամեն օր իրար կտեսնեինք, դրամ պետք էր՝ կուտայի․ չէ՛, ատ չեղավ, Դըրջանին բանվորները խառնվելիք չունին մեր ներքին գործերուն մեջ։

Բարպան կրկին ուզեց խոսիլ, Զարեհ էֆենդին արգիլեց․

— Ապոստոլին խնդիրը պատրվակ է,— ըսավ ան,— ձեռքդ սրտիդ վրա դիր և անկեղծ ըսե․ Վասիլին ի՞նչ հոգն է խեղճ տղուն վիճակը։

— Պատրվակ չէ, առիթ է,— ըսավ Բարպան։

— Հա՛, աղեկ որ դուն կըսես կոր պատրվակ, առիթ նույն բանն է։ Վասիլի պես խառնակիչներու համար ամբողջ խնդիրը այն է, որ բան մը մատներնուն փաթաթեն, ամեն