Այս էջը հաստատված է

— Ձեզ ներկայացնեմ մեր առաջնակարգ արհեստավորներեն մեկը,– ըսավ անիկա Վահեվանյանին, ես պիտի ըսեի՝ իր գործին մեջ արտիստ մը և, ինչ֊որ թանկագին է, ազնիվ մարդ մը, որ պատիվը ունիմ․․․ և հաճույքը իմ բարեկամներուս – և դուք գիտեք, թե որքան դժվարահաճ եմ․․․— թվին մեջ հաշվելու։

Վահեվանյանը անմիջապես ըմբռնեց, որ Զարեհ էֆենդիին խոսքերը կեղծիք էին, բայց և միևնույն ատեն մտածեց, որ այդ կեղծիքը իր լուրջ պատճառներն ուներ և ըստ այնմ վարվեցավ։

Գարեգին Վահեվանյան բարձրահասակ և գեր մարդ մըն էր․ քիչ մը հևացող, և որ կարծես կսկսեր համակերպիլ տարեց մարդ ըլլալու վիճակին։ Անոր դեմքը, սակայն, պահած էր երիտասարդական արտահայտություն մը իր ոսկեշրջանակ ակնոցի ետև ծածկած երազուն աչքերով և ճակատին վրա ընկնող մազերու փունջով, որոնք կցրվեին անփութորեն, երբ ֆեսը հաներ։ Էրզրումի ջոջ ընտանիքի մը զավակը, անիկա սուլթանական ռեժիմի ժամանակ, նախ՝ հնչակյան, հետո՝ դաշնակցական, մասնակցեր էր տեռորիստական գործերու, բայց և հաջողեր էր փախուստ տալ Թուրքիայեն և ապաստանիր Զվիցերիա։ Օսմանյան սահմանադրության հռչակումեն հետո վերադարձեր էր Պոլիս և անգամ ընտրվեր էր Էրզրումի վիլայեթեն։ Անիկա այժմ ապշությամբ կմտածեր իր նախկին տեռորիստական գործունեության մասին և կհանդիսնար չափավոր մարդ, ուզելով շահիլ պետական մարդու համբավ։ Բայց ան միևնույն ատեն որոշած էր մեծագույն օգուտը քաղել այն առիթներեն, որ սահմանադրական Թուրքիան և իր մեբուսի դիրքը կընծայեին իրեն։

Այդ միջոցին Գարեգին Վահեվանյանը կբնակեր Մեծ կղզի, առաջին կարգի հյուրանոց մը, ուր իջած էին նաև ամերիկացի դրամատերերու գործակալներ՝ ուսումնասիրելու համար Անատոլուի մեջ երկաթուղագիծ շինելու ծրագիրը։ Ամերիկյան ձեռնարկաթյունը մրցակցության մեջ էր ոչ միայն գերմանական ընկերության հետ, որ շատոնց հաստատվեր էր Թուրքիո մեջ, այլև ֆրանսիական ընկերության մը հետ, որ բոլորովին տարբեր ծրագիր մը կուզեր իրագործել։ Այս երեք