Այս էջը հաստատված է

— Վերջը գեշ կըլլա,— ըսավ Բարպան՝ ավելի թույլ շեշտով։

Այդ միջոցին զանգակ մը հնչեց պարտեզին մեջ։ Զարեհ էֆենդին կարծես սթափվեցավ, ոտքի ելավ և ըսավ.

— Է՜հ, գործի ժամանակը՝ գործ, բարեկամության ժամանակը՝ բարեկամություն։ Ճաշի զանգակն է, երթա՛նք․․․ հրամեցե՛ք․․․

Երկու հյուրերը ոտքի ելան, և Զարեհ էֆենդին մեկ թևը պարզեց Վահեվանյանին, մյուսը՝ Բարպային։

Բայց Բարպան ընկրկեցավ. անիկա պնդեց, թե կուզեր մեկնիր:

— Տղա մի՛ ըլլար,— ըսավ Զարեհ էֆենդին կես֊հանդիմանական,— դեռ քեզի ըսելիքներ ունիմ․․․ ինչ է, թշնամինե՞ր դարձանք։

Վահեվանյան աչք ըրավ Խաչիկին, որ չդիմադրե։ Անիկա հետաքրքրեր էր Խաչիկը իր խոսքերով, հակառակ որ Խաչիկը հաստատ կմնար իր այն գաղափարին վրա, որ արհեստավորներու մեջ ազգային խտրություն չի կարելի ստեղծել: Վերջապես, Խաչիկը մյուսներուն հետ ուղղվեցավ դեպի տունը։

Բարձրանալով մուտքի սանդուղներեն, մտան գավիթը, որ հատակված էր ճերմակ և կապույտ վեցանկյունի հախճապակիներով։ Ճերմակ ժանեկազարդ գոգնոցով սպասուհին վերցուց Խաչիկին և Վահեվանյանին ֆեսերը և այս վերջինին գավազանը, ուրկե հետո մտան հյուրասենյակ։

— Նստեցե՛ք,— ըսավ Զարեհ էֆենդին,— դեռ տիկինները չեն իջած։

Ընդարձակ հյուրասրահին մեջ, որ եվրոպական կահավորում ուներ, մեկ պատուհանին առաջ Արտակը և Միհրանը կթղթատեին եվրոպական տեսարաններ ներկայացնող պատկերներու ալբոմը։ Երբ հյուրերը ներս մտան, անոնք պահ մը ընդհատեցին, ոտքի ելան և կրկին նստեցան։

Զարեհ էֆենդին ճաշասրահ մտնելե առաջ կուզեր հաշվեհարդարի ենթարկել Ապոստոլի խնդիրը։ Անիկա վստահ էր, որ Խաչիկը, գոնե քաղաքավարության համար, պիտի թուլացներ իր դիմադրությունը, քանի որ իր տունը մտեր