Այս էջը հաստատված է

էր և ճաշի հրավերն ընդունել։ Անիկա, հրաժարվելով բուռն արտահայտություններե, ուզեց համոզիչ ըլլալ։ Խոսած ատեն կուղղվեր մեկ մը Խաչիկին, մեկ մը Վահեվանյանին:

— Շատ լավ կհասկնամ,— ըսավ ան, ձեռքերը իրար շփելով,— որ եթե Ապոստոլին ոտքը կտրվի, ցմահ անկարող կդառնա։ Թեև ոտքը կորսնցնելե ետքը ավելի աղեկ է, որ խեղճ տղան չապրի, ինչ կյանք է ատ, բայց վերջապես աստծու գիտնալիք բանն է. շատ լավ կհասկնամ նաև, որ իր ընկերները չեն կրնար այդ բեռը վերցնել։ Տե՛ս, Խաչիկ, այդ կետին մեջ բացարձակ համակարծիք եմ ձեզ հետ․․․

Այդ միջոցին սպասուհին բերավ, ափսեի մը վրա, բազմաթիվ գույնզգույն պարունակությամբ շիշեր և բաժակներ և տեղավորեց ցած սեղանի մը վրա։

— Մեյ֊մեկ ախորժաբեր խմենք,— ըսավ Զարեհ էֆենդին ոտքի ելլելով. անիկա գնաց սեղանին առաջ և հյուրերուն ճաշակին համեմատ պատրաստեց խառնուրդներ։ — Կենդանությո՛ւն,— ըսավ ան՝ բաժակը վերցնելով։

— Կենդանությո՛ւն,— պատասխանեցին հյուրերը՝ իրենց բաժակները բարձրացնելով։

— Դուք չեք կրնար,— վերսկսեց Զարեհ էֆենդին իր խոսքը,— և դեռ, շիտակը կուզե՞ս, ինչ որ ըրեր եք, մեծ բան է, լրագիրը անցունելիք բան է․․․

Եվ անիկա Վահեվանյանին բացատրեց «իր արհեստանոցի» աշխատավորներուն կատարածը։

— Այն, ինչ որ դուք ամենքդ միացած չեք կրնար ընել, ես ալ առանձին չեմ կրնար ընել․․․ Բայց իմովսանն կմասնակցիմ հանգանակության, սիրտես եկածը կուտամ․․․ Բայց չեմ կրնար կենսաթոշակ կապել․․․ Ինչ է,— ըսավ անիկա, հետզհետե բորբոքվելով,— ես կառավարությո՞ւն եմ, ի՞նչ եմ, թե չէ՝ պատրիարքարան։ Նոր բա՞ն պիտի ստեղծենք։ Նախ՝ որ ատանկ բանի մը անկարող եմ, ոչ կարեմ, և հետո՝ սկզբունքով դեմ եմ։ Հունաց թաղը իր աղքատախնամը ունի, բարեգործ տիկնաց միությունը կա, մարդը հույն է, իրենները կհոգան։ Ես անոնցմե շատերը կճանչնամ, եթե պետք ըլլա՝ կմիջամտեմ, հույն են, բայց անոնց ալ մեջը ազնիվ