մարդիկ կանա․․․ Մեյ-մեկ բաժակ և՞ս,– հարցուց ան Խաչիկին և Վահեվանյանին և գնաց ցած սեղանին առաջ։
— Ձեր կենա'ցը,— ըսավ ան՝ Խաչիկին և Վահեվանյանին դիմելով փոխնիփոխ, և երբ բաժակները պարպվեցան, անիկա ըսավ.— անուշ հրամեցեք․ ձեզ նման պատվական հյուրերը անպակաս ըլլան, այդ է, շիտակը, իմ միակ բաղձանքս։
Այդ միջոցին երկրորդ զանգակը հնչեց, և Արտակը Միհրանը առաջնորդեց ճաշասրահ։
— Սկզբունքով հակառակ եմ,— ըսավ Զարեհ էֆենդին,— նույնիսկ բանվորներու աղեկության համար։ Պետք է հետևանքին մտածել, եթե ես կենսաթոշակներ բաշխեմ, ըսենք թե կրցա ընել, բանվորները անհոգ կըլլան, անխոհեմ կվարվին և փոխանակ աշխատած ատեն նեղ օրի համար բան մը խնայելու, ամբողջ վաստակածնին կծախսեն․ ատկե զատ ես չեմ ուզեր ծուլությունը քաջալերել, որ մայրն է բոլոր չարյաց․․․
Զարեհ էֆենդին Բարպայի մթագնած դեմքին վրա կորոներ իր ըսած «ակնհայտնի ճշմարտություններու» ազդեցությունը, երբ դռան մեջ երևցավ վարդագույն աղջիկը։
— Մաննի՛կ, կուգանք կոր,— ըսաՎ Զարեհ էֆենդին և ոտքի ելլելով, հյուրերը հրավիրեց դեպի ճաշասրահ:
Բարպան մտնելով զով ճաշասրահը, զգաց այն հանգստավետությունը, այն անորոշելի հաճելիությունը, որ անոր պերճանքը կկազմեր։ Այնտեղ չի կար ոչ մեկ արտակարգ բան, ընդհակառակը, կահավորման և սարքավորման մեջ կտիրապետեր գիտակցական և ճաշակավոր պարզություն։
Սրահին ճակատի վրա կային ապակիով դռներ, որոնք կբացվեին ծովին նայող լայն պատշգամբի մը վրա, ուր ողորյա թիկնաթոռներ և հովանոցով պատսպարված սեղան մը կար։ Ճերմակ ստորներ կծածկեին երկու կողմերու պատուհանները, կաթնային լույս մը սփռելով սենյակին մեջ։ Ճաշի երկայն սեղանը ծածկված էր ճերմակ դամասե սփռոցով, որուն վրա դրված էին Լիմոժի հախճապակե