Այս էջը հաստատված է

ազգականուհիին՝ տիկին Ալեքսանյանի, բարեմասնությունները, որուն համար ըսավ, թե տանը ուրախությունը և եռանդն էր։ Բարպան սեղմեց տիկնոջը ձեռքը, որ նստեցավ իր մյուս կողմը։

— Մենք դեռ ուրիշ հյուրի մըն ալ կսպասենք,— ըսավ Զարեհ էֆենդին,— լուր ղրկեր եմ Գալուստ աղային, քիչ մը ուշացավ․․․ ահա և ինքը․․․— ըսավ ան՝ ականջ դնելով։

Իրավամբ, քիչ հետո ներս մտավ կարճահասակ, կարմրաթուշ ծերունի մը, բաց գլխով, ողորկ ճերմակ մազերով, որոնք կհառաջանային մեկ կողմե՝ ճակատին վրա մինչև գրեթե հոնքերը և մյուս կողմե՝ մինչև ծոծրակը։ Անիկա, առանց այլևայլի ներկաները բարևելե հետո ընդհանուր բարևով մը, նստեցավ Վահեվանյանի քով, իր մյուս կողմը ունենալով Միհրանը, որ, զարմացած և ապշած, ոչ մեկ մանրամասնություն չէր փախցներ այդ բոլորեն։

Բայց դեռ սեղանին շուրջ երկու պարապ տեղեր կային: Զարեհ էֆենդին զուսպ բարկությունով հարցուց կնոջը.

— Ո՞ւր են մեր երիտասարդները։

Տիկին Մաքրինեի բարձր ճակատին վրա, խարտյաշ հոնքերուն մեջեն կարծես հով մը անցավ, հետո թարթիչները բաբախեցին, բայց շրթները լուռ մնացին. պահ մը ետքը անիկա դարձավ սպասուհիին և հանդարտ ձայնով ըսավ.

— Սկսե՛ ծառայել։

Բայց և այդ միջոցին Արտակը և իր քույրը՝ Արուսյակը, մտան ճաշասրահ։ Անոնք իրարու ձեռք բռնած էին երեխաներու պես և հակառակ որ երկուքն ալ գլուխնին բարձր բռնած, հպարտ և համարձակ երևույթ ունեին, կարծես թե շփոթեցան և հետո խոնարհելով և ընդհանուր բարև մը տալով, գացին նստեցան իրենց տեղերը, Մաննիկի և Միհրանի դիմաց։

Բարպան անմիջապես տպավորվեցավ այն ապշեցուցիչ նմանութենեն, որ կար մոր և տղուն մեջ։ Արտակի շրթները նույն վհատ և հիասթափ արտահայտությունը ունեին, ինչպես մորը շրթները։ Պատանիին խարտյաշ մազերը, բարձր ճակատին վրա, նույն ծալքերը ունեին, ինչպես մորը գլխին վրա, այն տարբերությամբ, որ կարծես մայրը, 18֊րդ