Այս էջը հաստատված է

որովհետև կմտածեր, թե Մաննիկը իր ընկերուհին էր և, կարծես, կյանքը այդպես պիտի շարունակվեր։ Երբեմն անիկա գաղտագողի կնայեր Արուսյակին, որուն գերանուրբ էությունը այնքան անմատչելի կթվեր Միհրանին, որ չէր զգար անոր գեղեցկությունը։

— Դուն հավնեցա՞ր Արուսյակին,— շշնջաց Մաննիկը։

— Ես քեզի հավնեցա,— ըսավ Միհրանը։

Մաննիկը խնդաց․ բոլոր նայվածքները սևեռեցան սեղանին այդ կողմը, և Միհրանը շառագունեցավ։

Մաննիկը իր կարգին լրջացավ և խոր ու երկար նայեցավ Միհրանին։

— Արուսյակը նշանված է,— ըսավ ան՝ թեթև մը հառաչելով։ — Ես ալ, երբ տասնութ տարեկան ըլլամ, պիտի նշանվիմ․․․ Բայց որո՞ւ հետ, որո՞ւ հետ։ Մամաս կուզե, որ Արտակին հետ նշանվիմ, բայց Արտակը ինձի կկախե․․․ Մամաս կըսե, թե հանցանքը իմս է․ ինչո՞ւ. ան է, որ կարևորություն չի տար ինձի, ատանկ նշանած կըլլա՞․․․

Մամային սաստող ակնարկը լռության դատապարտեց Մաննիկը, որ կսկսեր շշուկով խոսիլ, բայց հետզհետե ձայնը կբարձրացներ։

Մինչ այդ խոսակցությունը արծարծվեր էր սեղանին վերի կողմը։ Գալուստ աղան էր, որ կխոսեր, ուղղվելով երբեմն Բարպային, երբեմն Զարեհ էֆենդիին։

— Ֆրենկի հետ գործ ունենալը ուրիշ բան է,— կըսեր ան,— ուզած գինդ կուտան, ժամանակին ալ կվճարեն, վերեսիյե ըսված բանը չունին, ասոնց քով արդարություն կա։

— Արդարութենեն աղվոր բան կա՞ այս աշխարհիս մեջ,— ըսավ Զարեհ էֆենդին՝ համոզված երևույթով։

Գալուստ աղան ուրախ էր նոր խոսակից ունենալուն։ Անիկա շատ անգամներ պատմած էր, թե ինչպես ինքը հիչեն առաջ եկած մարդ էր։ Բայց այս անգամ նոր լսող մը կար. Բարպային հետաքրքրությունը զինքը պերճախոս կդարձներ։

— Դպրոց ալ գացած էի,— ըսավ Գալուստ աղան,– բայց շուները չերթան ատանկ դպրոց։ Ողորմած հոգի հայրս— լուսերու մեջ պառկի— խեղճ մարդ էր, հազիվ թե