— Հաստա՞տ է,— ըսավ անիկա։
— Այո՛, հաստատ, ներսեն եղող մարդե իմացա։
Արյան ալիք մը բարձրացավ Ճիզվիտին գլուխը և գունավորեց անոր դժգույն դեմքը։
— Չի կրնար այդ գործին մեջեն ելլել,— ըսավ անիկա, կարծես ինքզինքը մխիթարելով։
Սպասուհին սեղանին վրա բերավ մրգեղեններ և յուրաքանչյուրին առաջ դրավ դեղնորակ, անթափանց բյուրեղյա թասեր՝ ջուրով լի, որուն երեսին կծփային դեղին վարդի երկու֊երեք թերթեր։
Միհրանը կնայեր իր թասին մեջ և կմտածեր, թե խմելու համար է․ Մաննիկը կզվարճանար դիտելով Միհրանի սխալմունքը, բայց խղճալով անոր վրա և փրկելու համար իր կավալիերը խայտառակութենե, ականջին շշնջաց․
— Մատներդ լվալու համար է։
Հետո անոր սորվեցուց, թե ինչպես պետք է կեղևե տանձը։
— Վերեն բռնե դանակը, կոթը ափիդ մեջ պետք է կռթնի․․․ պատառաքաղը նույնպես․ մամաս կըսե, որ մեկու մը ինչ աստիճանի մարդ ըլլալը սեղանին առաջք եղած ատեն կհասկցվի։
Միհրանը՝ քրտինք թափելով, փորձեց այդ պայմաններով մեջ տանձը կեղևել, բայց այդ անիծյալ տանձը կսահեր, կփախեր իր դանակի տակեն, մինչդեռ մյուսները հանգիստ շարժումներով այդ նույն գործը կկատարեին։ Կարծես թե տանձերը առանձին հնազանդությամբ կվարվեին անոնց պնակներուն մեջ։ Միայն Գալուստ աղան, առանց այլևայլի, մեկ ձեռքով վերցուց տանձը և, պինդ բռնած, սկսավ կեղևել սովորական ձևով․ իսկ Բարպան բոլորովին մերժեց տանձ վերցնել և ողկույզ մը խաղող դրավ իր պնակին մեջ։
Դեռ սեղանեն չէին ելած, երբ շունը սկսավ հաչել դռանը առաջ, ոչ թե կատաղությամբ, այլ մեղմ և ընդհատ հաչոցներով։ Զարեհ էֆենդին գլուխը երկարեց և ջանք ըրավ դիմացի պատուհանեն դուրսը տեսնել, ըսելով.
— Անպատճառ Կյուլենցն է։
Սեղանին ծայրը, ուր Արտակը և Արուսյակը նստած էին,