Այս էջը հաստատված է

կեփեին, այլև կհուսար ջախջախիչ հարված հասցնել իր մրցակցին՝ Արիստաքի էֆենդիին, ձեռք բերելով եվրոպական ընկերություններու, բայց մանավանդ ֆրանսիական դեսպանատան կառքերը իր արհեստանոցին մեջ նորոգելու մենաշնորհը։ Զարեհ էֆենդիին երազները դեռ շատ հեռուները կերթային․ անիկա մտադիր էր իր տղան ղրկել Եվրոպա, դարձնել ինժեներ, մտադիր էր մեքենայացման ենթարկել իր արհեստանոցը, վերածել ֆապրիքայի և մրցիլ եվրոպական պատրաստ կառքերու գիներուն հետ։

Այդ հեռավոր նպատակներ ու նախապատրաստության համար Զարեհ էֆենդին իր մեբուս բարեկամներուն մոտ ամեն առիթի կպաշտապաներ մաքսային օրենքներու խստացումը, և երբ օտարերկրացի չըլլար իրենց մեջ, բուռն կերպով կխոսեր օտարականներու դեմ։

— Մեր վաթանը,— կըսեր ան, ճոխ խնջույքներով ընթացքին, որ կկազմակերպեր մեբուսներու պատվին,— պետք է բարձրացնենք բոլոր միջոցներով։ Մենք ինչո՞ւ ետ պիտի մնանք Եվրոպայեն։ Թող կառավարությունը մեզ պաշտպանե, և տեսեք ինչ հրաշքներ կգործենք։ Ինչո՞ւ մենք մեր ֆաբրիկաները չպիտի ունենանք. եթե մենք մեր կառավարության աջակցությունը ունենանք, մենք ի վիճակի կըլլանք մրցելու եվրոպական ապրանքներու դեմ ոչ միայն Թուրքիո շուկային մեջ, այլև մեր դրացի երկիրներու շուկաներուն մեջ։

Իսկ երբ միայն թուրք մեբուսներ ըլլային, Զարեհ էֆենդին շողոմ լեզվով կբացատրեր հայ և թուրք համերաշխության առավելությունները առևտուրի և ապագա ճարտարարվեստի մեջ։

Բայց Զարեհ էֆենդին, սնուցանելով և մշակելով հանդերձ այս հեռավոր նպատակները, չէր կարող աչքաթող ընել իր անմիջական գործերը։ Թուրք ազնվականության անկումով հառաջ եկած տագնապը կարելի էր միայն դարմանել եվրոպացի և անոնց հետ կապ ունեցող հաճախորդներով, որովհետև իշխանության գլուխ անցած նոր թուրքերը դեռ փարթամության զգացումը չունեին, դեռ չէին հարստացած, դեռ չէին ամրացուցած իրենց դիրքերը։

Ուրեմն, Զարեհ էֆենդիի հաստատ համոզումով, Գևորգ