Այս էջը հաստատված է

էֆենդիին վրա և մյուս ներկաներուն, որոնք լուռ կլսեին, ըսեր էր.

— Աս հերիֆը իր լիրբ և անօժիտ աղջիկը տղուս գլուխը փաթտելու համար ամեն բանի աչք կգոցե կոր, իր տունը կտրամադրե կոր․․․ ալ գացեք հասկցեք, թե ինչ անպատիվ մարդ է։

Գիշերը Մաքրինեն, հորը իրեն ուղղած հարցերեն, մանավանդ անոր դողահար հուզմունքեն գուշակելով, որ հայրը լսած է իր և Ժակի սիրահարության մասին, ամեն ինչ պատմեց անոր։

Հետևյալ առտու կանուխ Հովհաննես էֆենդին գնաց մաքսային տեսուչի մոտ և խորհրդակցեցավ անոր հետ։ Մաքրինեի մորեղբայրը, որուն ականջը հասեր էին երկու սիրահարներուն շուրջ եղած բամբասանքները, խոստացավ բանակցիլ Ժակի հորը հետ։ Անիկա հայտնեց Ապայանին, որ իր բոլոր ունեցածը կկտակե քրոջ աղջկանը և, այդպիսով, Մաքրինեն թեև փոքր օժիտ ունեցող, բայց մեծ հույսեր ունեցող հարսնացու կդառնա։ Ապայանը կարող էր զիջել և շատ վարանեցավ, նույնիսկ սակարկության մտավ, այդ ապագա ժառանգութենեն մաս մը անմիջապես պահանջեց։ Բայց նախապես այնքան լուտանք թափեր էր Մաքրինեի և հորը վրա, և անմեղ աղջիկը ներկայացուցեր էր ինչպես փողոցային պոռնիկ, որ ընկրկեցավ իր իսկ ստեղծած հանրային կարծիքին առաջ և թույլ մերժում մը ընելով՝ խոսակցությունը փակեց։

Բայց Ժակը, լսելով հորը բանակցությունները և սակարկությունը, խորապես վիրավորված էր իր ամենեն մաքուր զգացումներուն մեջ, այցելության գնաց Մաքրինեի մորեղբորը և այնտեղ, իր պատվույն վրա երդվելով, հայտարարեց, որ ինքը կուզեր ամուսնանալ Մաքրինեի հետ և առանց դրամօժիտի և թե, հակառակ պարագային, եթե դեռ հայրը մերժեր իր հավանությունը տալու, ինքը և Մաքրինեն կորոշեին իրենց ընելիքը․․․

Մաքրինեի հայրը հավանեցավ, որ այդ վճռական տեսակցությունը տեղի ունենա իր տան մեջ։ Այն ժամանակ Ժակ քսաներկու տարեկան էր, սև մազերով և ընչացքներով,