Այս էջը հաստատված է

սկսավ ընտելանալ Զարեհի ներկայությանը, որ իրեն կխոսեր առավելապես Փարիզի մասին, ուր կգտնվեր Ժակը։ Մաքրինեի հայրը և մորեղբայրը, դիտելով անոնց բարեկամական հարաբերությունները, լրջորեն կմտածեին Մաքրինեն և Զարեհը ամուսնացնել միասին։ Հովհաննես էֆենդին ծերացեր էր, և աղջկանը դժբախտությունը ծանրորեն կընկճեր իր հոգին։ Մնաց որ Զարեհը իրեն կհանդիսանար տիպարը այն երիտասարդին՝ անշահախնդիր, լուռ կերպով տառապող իր անփոխադարձ սիրով, հարգալիր դեպի ծերունին և աղջկան թաքուն վիշտը, որ իր ռոմանտիկական տրամադրությամբ կհամարեր ամենակատարյալը, և գոհ պիտի ըլլար, որ մեռնելե առաջ իր աղջիկը հանձներ այդպիսի մեկու մը պաշտպանության։

Մաքրինեն և Ժակը, իրենց մեջ առնված որոշումին համեմատ, չէին թղթակցիր իրար հետ։ Բայց հաճախ, երբ գիշերը պատշգամբը կբարձրանային, Զարեհը կզգար, որ Մաքրինեի մտածումը կսավառներ հեռուները։ Բնության շքեղ գեղեցկությունը, Վոսփորի փալփլացող կոհակները՝ լուսնի առատ շողերու տակ, գաղջ և բուրումնավետ քամին, հեռավոր բարձրություններու աննյութական կապույտը, նոճիներու մթին սլացքը, կիսատրոպիկական ծաղկի մը բարկ բուրմունքը, այդ բոլորը կսնուցանեին Մաքրինեի ռոմանտիկական սերը և ավելի անմատչելի կդարձնեին ան, քան եթե ամուսնացած ըլլար իր սիրած երիտասարդին հետ։

Զարեհը վճռած էր ամուսնանալ Մաքրինեի հետ։ Անիկա ոչ միայն աստիճան մը ենթարկվեր էր գեղեցիկ երիտասարդուհիին հրապույրին, այլև այդ ամուսնությունը ամեն տեսակետներով կպատշաճեր իր հեռանկարներուն։ Բայց կետ մը կար, որ իրեն մտահոգություն կպատճառեր. եթե Մաքրինեի հայրը և մորեղբայրը հաշվեին, որ ինքը սիրահարված է աղջկանը, կարող էին դրամօժիտի խոսք չընել և, ինչ որ կարևոր էր, մորեղբայրը կարող էր իրեն չընել այն կտակի խոստումը, որ Ժակի հորը դիմադրության հաղթահարելու համար ըրեր էր ինքնաբերաբար։

Իրիկուն մը Զարեհը, երբ սալոնին մեջ մինակ էր Հովհաննես էֆենդիին հետ, հայտնեց դողահար ծերունիին —