Այս էջը հաստատված է

— Խոսված աղջիկ է,— ըսավ Զարեհ։

Մաքսային տեսուչը հասկցավ, խոր հառաչեց, պահ մը մտածկոտ մնաց, հետո, կարծես որոշում մը առնելով, առանց ուղղակի պատասխանելու Զարեհի ակնարկին, ըսավ․

— Աղջիկ մը պետք է այսպես թե այնպես ամուսնանա։ Ընկերական դիրքի խնդիր է։ Հիմակ խոսինք գործնական կերպով։ Հայրը կրնա հազար օսմանյան ոսկի դրամօժիտ տալ։ Ես կկրկնապատկեմ, առանց հաշվելու, թե Մաքրինեն իմ ժառանգորդս ըրած եմ։

Զարեհը, շլացած, ուզեց միջոցը գտնել, քանի որ ապահովեր էր դրամօժիտը և ժառանգությունը, ցույց տալու անշահախնդրություն, բայց Մաքրինեի մորեղբայրը թույլ չի տվավ, որ անիկա բառը ըսե, և Զարեհը ճամփու դրավ ըսելով.

— Մեր խոսքը խոսք է, հիմակ քեզ կմնա աղջկանը սիրտը շահիլ։

Զարեհը իր բոլոր միջոցները սպառած էր արդեն և օրերով մտածեց, թե ի՞նչ հնարք կրնար գտնել Մաքրինեի սրրտեն արմատախիլ ընելու համար Ժակի հիշատակը։ Եվ անիկա գտավ շատ սովորական միջոց մը։ Անիկա գրեց Փարիզ իր մեկ ծանոթին, որ գիտեր, թե մոտ է Ժակին, թե ամուսնության ծրագիր կար իր և Մաքրինեի մեջ և, մյուս կողմե, Պոլսո մեջ լուր տարածվեցավ, որ Ժակը պիտի ամուսնանա ֆրանսուհիի մը հետ, որ անոր սիրուհին էր և որուն հետ Ժակը կկենակցեր երկու տարիե ի վեր։

Այդ լուրը հասավ Մաքրինեի ականջին, Միացյալ ընկերության պարահանդեսին, ուր գացեր էր հորը և Զարեհին հետ։ Մաքրինեն այդ լուրը լսելով դիակի պես դժգունեցավ, բայց մնաց անայլայլ։ Մինչև առավոտ անիկա պարեց և վարվեցավ, ինչպես եթե ոչինչ պատահած ըլլար, հակառակ որ, Զարեհի սադրանքներով, բազմաթիվ անգամներ Ժակի ամուսնության և գեղեցիկ սիրուհիի մասին խոսակցություն եղավ իր շուրջը։ Առավոտուն հորը հետ տուն դառնալով, առանց բառ մը ըսելու պառկեցավ և սաստիկ տենդ ունեցավ։ Երկու շաբաթի չափ մահու և կենաց մեջ տատանվելե հետո Մաքրինեն, ուժասպառ, ֆիզիկապես և բարոյապես