Այս էջը հաստատված է

իր երկրորդ զավակը՝ Արտակը, և դեռ անկողնեն չէր ելած, երբ ընդունեց Ժակի այցելությունը։

Ժակը իր ժամանակին մեծ վիշտով լսեր էր Մաքրինեի ամուսնության ծրագիրը և լուրը, բայց համակերպեր էր իրականության։ Անիկա ավելի առողջ դատողությամբ մտածեր էր, որ իրենց փոխադարձ խոստումը՝ իրարու հավատարիմ մնալու, ավելի բարոյական բովանդակություն ուներ, և իրավամբ, անիկա անեղծ պահեր էր Մաքրինեի հիշատակը իր սրտին մեջ։ Անոր ամուսնության լուրը վիշտ էր պատճառեր այն մտածումով, որ հիմար նախապաշարումներ, ծնողական բռնապետություն և այլ այլանդակ կրքեր արգելք եղեր էին իրենց երկուքին ալ երջանկության։ Բայց եղածը եղած էր, և Ժակը, միշտ քաղցրությամբ խորհելով Մաքրինեի մասին, հաճույքով կմտածեր, թե օր մը իրար կտեսնեն ավելի անկաշկանդ և միասին կհիշեն իրենց անցյալը, իրենց առաջին սերը։ Անիկա չէր ամուսնացեր, ոչ այնքան իր տված խոստումին հավատարիմ մնալու համար— այդ խոստումը խզված էր ըստինքյան Մաքրինեի ամուսնությամբ,— այլ որովհետև իր առաջին սիրույն համազոր զգացում չէր ունեցեր ուրիշ կնոջ համար, որ մոռցնել տար իրեն իր ընդգրկած ասպարեզին հատուկ պահանջները և անոր մեջ առաջանալու պայմաններ։

Վերադառնալով Կ․ Պոլիս, Ժակը ստանձներ էր արտաքին գործոց նախարարության մեջ բարձր պաշտոն, անիկա կձգտեր խորհրդականի դիրքին, որ Թուրքիո մեջ ավանդություն դարձեր էր հանձնել հայազգի պաշտոնատարի։ Շնորհիվ իր դիրքին, Ժակը ազատ մուտք ուներ դիվանագիտական շրջանակներով և օտար դեսպանատանց սալոններու մեջ։ Դիվանագիտական աշխարհի մեջ մուտք գործելը դարձեր էր մայրաքաղաքի վերին խավերու համար փառատենչության գագաթնակետը, տեսակ մը հիվանդություն, որին դիպլոմատիկ անունը կուտային, և որը գոհացնելու համար այր թե կին, այդ վերին խավերու պատկանող ամենազգի փառասերները, ոչ մեկ բանի առաջ կանգ չէին առներ։

Զարեհ էֆենդին, որ այդ ժամանակ արդեն հաջողեր էր իր առանձին արհեստանոցը բարգավաճման ճամփու մեջ