Այս էջը հաստատված է

դնել, դեռ չէր հանդգներ այդպիսի փառասիրություն մը սնուցանելու, բայց և չէր հրաժարեր ճամփա հարթելու։ Երբ լսեց Ժակի վերադարձը և անոր ազատ մուտքը այդ աշխարհին մեջ, միջոցներ մտածեց անոր մոտենալու։ Կաթոլիկ համայնքի գերագույն խորհրդի վերընտրության առթիվ Զարեհ էֆենդին դրավ Ժակի թեկնածությունը, ինչ որ հնարավոր պիտի դարձներ իրենց պարբերական հանդիպումները։

Ժակը սիրով և որոշ հուզմունքով ընդունեց Զարեհ էֆենդիին ճաշի հրավերը իր երկրորդ զավկին ծննդյան առիթով։

Մաքրինեի ննջասենյակին մեջ երկու նախկին սիրահարները բարձր զգացումներով խոսակցեցան իրար հետ։ Կյանքի դաժան հարվածներու տակ իրենց նախկին սերը տրորվեր և անէացեր էր, բայց ավելի տևական և նուրբ զգացում մը մտերիմ կդարձներ զիրենք։ Ժակը գթության խոր զգացումով կդիտեր Մաքրինեի դժգույն դեմքը, սևածիր աչքերը և տամուկ ճակատին վրա թուլացած գանգուրները, որոնց մեջ ճերմակ թելեր կային արդեն։ Երբ դայակը նորածինը բերավ՝ օրորոցին մեջ դնելու համար, Ժակը Մաքրինեին հետ հիացավ մանկիկին գեղեցկության վրա, և անոնք զգացին անգամ մը ևս, որ հեռու ըլլան թե մոտ, ան բաժան բարեկամներ են այլևս։

Մաքրինեն, երբ բոլորովին կազդուրվեցավ, վճռականորեն իր ննջասենյակը փակեց իր ամուսնույն առաջ։ Զարեհ էֆենդին չառարկեց իր կնոջը որոշումին և այնպես ձևացուց որ այդ փոխադարձ համաձայնության արդյունք է։ Անիկա կնոջը այդ վճռական քայլը վերագրեց Ժակի վերադարձին և ընդնշմարեց այդ կացության միայն առավելությունները։ Այն վտիտ զգացումը, որ Զարեհը սկիզբները ունեցեր էր կնոջը նկատմամբ, վաղուց մարած էր։ Անիկա կշարունակեր գնահատել կնոջը գեղեցկությունը իբրև իր տանը զարդը, ինչպես և կգնահատեր անոր տանտիրուհու հատկությունները, որոնց շնորհիվ, համեմատաբար նյութական քիչ միջոցներով, կինը կհաջողեր տունը պահել բարձր մակարդակի վրա։ Երբ ճաշի հյուրեր կունենար, Զարեհ էֆենդին վստահ էր, որ ամեն ինչ կկարգադրվի անթերի վայելչությամբ։

Այդ բոլորը կատարելով հանդերձ, տիկին Մաքրինեն