Այս էջը հաստատված է

օր–օրի դարձեր էր ավելի վերապահ, գրեթե օտար՝ իր տան մեջ։ Անիկա կզբաղեր իր զավակներով առանց մտերմության մտնելու անոնց հետ, կառանձնանար իր սենյակը և ճաշի ժամերուն կնախագահեր սեղանին։ Անիկա մերժած էր հարաբերություններ մշակել Բերայի սալոններու հետ, և ընդհանրապես ամենքը կկարծեին, որ ան հպարտ կին է, ինքզինքով հիացած։ Ժակի հետ իր բարեկամական կապերը վերահաստատելե հետո տիկին Մաքրինեն շաբաթներ, երբեմն ամիսներ կանցրներ Ժակը կրկին տեսնելու հույսով, և այդ հույսը միայն կլեցներ իր կյանքի պարապը։ Երբ ամառվան ամիսներուն Զարեհ էֆենդիի ընտանիքը կփոխադրվեր Մեծ կղզի, Ժակը կուգար երբեմն անակնկալ կերպով և երկու–երեք օր կմնար հյուրանոցը։ Այդ օրերուն տիկին Մաքրինեն և Ժակը գրեթե միշտ միասին կանցունեին կամ ամառանոցի պարտեզը, կամ միասին կերթային պտույտի և մտերմորեն կխոսակցեին։ Մաքրինեն անվերապահ կերպով կխոսեր իր բարեկամին իր զավակներու ապագայի մասին, բայց կզգուշանար խոսելու ամուսնույն վրա։ Ժակը շատ լավ կհասկնար այն անհաշտելիությունը, որ գոյություն ուներ Մաքրինեի և իր ամուսնույն մեջ, և անկեղծորեն կկարեկցեր իր բարեկամուհիին։

Այդպես կարող էր շարունակվել, և տիկին Մաքրինեն կհասներ թերևս որոշ հավասարակշռության, եթե նոր կացություն մը չարծարծեր տիկին Մաքրինեի ատելությունը Զարեհ էֆենդիին դեմ։

Տիկին Զարուհի Ալեքսանյանը Զարեհ էֆենդիի մեկ հեռավոր ազգականուհին էր, որ ամուսնացեր էր Ռեժիի պաշտոնյայի մը հետ։ Ամուսինը քննիչի պաշտոնով հաճախ կերթար գավառները։ Տիկին Զարուհին կընկերանար իր ամուսնույն, և անոնք տարիներով կբացակայեին Կ․ Պոլսեն։ Զարուհիի ամուսինը՝ Սմբատ էֆենդին, իր մեծ հորը ժառանգութենեն բաժին ունեցեր էր չորս հարկանի քարաշեն տուն մը՝ Բերայի շիտակին վրա, որուն արժեքը տարվե-տարի