Այս էջը հաստատված է

տուներ էին, բայց հետագային Կետիկ փաշայի և Վլանկայի տուները կորսնցուցեր էին իրենց արժեքը, մինչդեռ Բերայի տունը տասնապատկեր էր իր արժեքը Սմբատի մորեղբայրներու ժառանգորդները, որոնց մեջ, խնամությամբ, տեսակ-տեսակ մարդիկ մտած էին, կառաջարկեին երեք տուները կրկին գնահատման ենթարկել և ընդհանուր արժեքը բաժնել երեք կողմերու մեջ։ Սմբատը, Սամսոնի շրջանեն վերադարձին, զգալով իր անզորությունը, հիշեց Զարեհին ճարպիկությունը և գնաց խորհրդակցելու անոր հետ։ Սմբատը տրամադիր չէր զիջելու իր ստացվածքը և միևնույն ատեն կզգար, որ մյուս ժառանգորդները, օրենքի առաջ, կարող էին հաղթել իրեն և բոլորովին զրկել։ Նույնիսկ նոտարական թուղթը չէր կրնար որևէ կշիռ ունենալ, քանի որ Բերայի տան սկզբնական արժեքը, որ նվեր կարելի էր համարել մորեղբայրներու կողմե, Սմբատը գանձեր էր վարձակալութենեն։

Սմբատը ստացեր էր մալարիա և կզգար, որ կյանքը երկար չէ։ Անոր կենսուրախ և անհեռատես կինը՝ տիկին Զարուհին, կծախսեր ամուսնույն հասույթները մինչև վերջին ստակը։ Գավառները եղած ժամանակ տիկին Զարուհին մեծ կբանար իր դռները տեղվույն կառավարական շրջանակին և ամեն ազգի երևելիներու առաջ։ Անոր տան սեղանը միշտ պատրաստ էր տասնյակ մը հյուրեր ընդունելու, իսկ երբ Կ․ Պոլիս կուգար, անվերջ գնումներ կըներ տանը և իրենց արդուզարդին համար։ Այր ու կին հրայրքով կսիրեին իրենց միակ աղջիկը՝ Մաննիկը, որ հույն սպասուհիի մը անփութության հետևանքով կաղ մնացեր էր։ Երեխան ինկեր էր բարձր մահճակալե մը․ սպասուհին, վախնալով հետևանքներե, դեպքը ծածկեր էր ծնողքեն, և ժամանակին չխնամվելով, կաղությունը մնացեր էր անբուժելի։ Հակառակ երեխայի գեղեցկության, այդ ֆիզիկական պակասությունը մտածել կուտար հորը աղջկանը ապագայի մասին։ Կ․ Պոլսո միջին և բարձր դասերու մեջ ամեն ինչ առուտուր էր, և Մաննիկը կարող էր ամուսնանալ միայն մեծ օժիտով։ Այր ու կին համաձայն էին Բերայի հասութաբեր տունը հատկացնել Մաննիկի օժիտին, որ բավական հրապուրիչ էր՝ ծածկելու