Այս էջը հաստատված է

համար իրենց աղջկան ֆիզիկական թերությունը։ Եվ ահա ճիշտ այդ տունն էր, որ խնդրո առարկա կդառնար։

Զարեհ էֆենդին մեծ սիրալիրությամբ ընդունեց Սմբատը։ Մեծ կղզիի տունը հրավիրեց Սմբատը կնոջը և «սիրասուն» աղջկանը հետ, ուր և մնացին մեկ շաբաթ։ Զարեհ էֆենդին, լսելով Սմբատի խնդրին հանգամանքները, խորհուրդ տվավ Սմբատին առայժմ ձգձգել գործը։


— Ո՛չ այո ըսե, ոչ ալ՝ ոչ, բայց այնպես մը ձևացուր, որ մտածելե հետո կրնաս համաձայնիլ։ Թող չի հուսահատին, այդ է կարևորը։ Հետո այնպես ըրե, որ կարծես թե լեզվիդ տակը բան մը կա, բայց չես ուզեր կոր ըսել։ Ես իմ միտքս ունիմ, քանի մը օրեն քեզի կըսեմ։ Առայժմ կարևորը այն է, որ հակառակ կողմը քնացնենք։

Քանի մը շաբաթ հետո, որու միջոցին Զարեհ էֆենդին ոչ միայն այցելեր էր խնդրո առարկա տունը, այլև տեղեկություններ ստացեր էր տանը արժեքին և բերած հասույթին վրա, ինչպես նաև զանազան հնարքներով անուղղակի հարաբերության մեջ մտեր էր մյուս ժառանգորդներուն հետ։

Սմբատին առաջարկեց հետևյալ հնարամտությունը.

— Այնպես համարե, որ երեք–չորս տարիե ի վեր քեզի փոխ դրամ կուտամ կոր, իբր երաշխավորություն ընդունելով քու տունդ։

— Բայց ատիկա անհնար է,— ըսավ Սմբատը,— քանի որ ես օրինական իրավունք չունիմ որևէ պարտամուրհակ ստորագրելու իմ տանս վրա և արդեն ալ, մորեղբայրներուս մահեն հետո, զգուշացեր եմ ստորագրության առիթներե։

— Սպասե՛, սպասե՛,— ըսավ Զարեհ էֆենդին,— այդ բոլորը ոչ մեկ կարևորություն չունի։ Այստեղ Թուրքիա է, անհնարին բան չի կա։ Ես արդեն խոսեր եմ որու որ պետք է։ Մենք պարտամուրհակները կպատրաստենք և ոչ միայն չորս տարիե ի վեր զանազան թվականներու կվերագրենք, այլև վավերացնել կուտանք։ Ինձի Զարեհ կըսեն, ես ամեն բան մտածեր եմ։

— Բայց ատիկա խարդախություն կըլլա։

— Դուն ի՞նչ կըսես կոր, Սմբա՛տ,— ըսավ Զարեհ էֆենդին արհամարհանքով,– խարդախությունը ո՞րն է, երբ քու