Այս էջը հաստատված է

Այն ժամանակ Բարպա Խաչիկը քառասունի մոտ միջահասակ և թիկնեղ մարդ էր։ Կանոնավոր գծերով, գիրուկ դեմքին վրա մեծաբիբ խաժ աչքերը լի էին բարության արտահայտությունով։ Ան ընդհանրապես լուրջ էր և կարծես մտահոգ։ Անիկա կարծես թե ծանրաբեռնված էր իր ուժերեն վեր մտածումներով, որոնց ճնշումին տակ դեմքը կխոժոռնար, երկու կանխահաս խորշոմներ գծելով այտերուն վրա, որոնք դեռ այդ ժամանակ շատ խոր չէին, բայց երբ խնդար, այդ խորշոմները կանհետանային, և մորթը կզակին վրա կպրկվեր ու կփյայլեր։ Անոր ներդաշնակ դեմքը դիտողը կըսեր՝ «տեսքոտ մարդ է», և ոմանք ալ, ազդվելով անոր լուրջ արտահայտությունեն, կըսեին՝ «շուքը ծանր մարդ է»։

Անիկա կքալեր մայթին վրա ծանր և ճկուն քայլերով և միևնույն ատեն մեկ մը աջ և մեկ մը ձախ ձեռքով կոլորեր իր թավ պեխերը, ինչ որ կնշանակեր, թե հոգ մը ունի։ Անշուշտ Բարպան կմտածեր քրոջը ծանր վիճակի մասին, բայց կզգուշանար Միհրանին հարցումներ ուղղելու. ընդհակառակը, կարծես պատանին հեռացնելու համար իր մտատանջութենեն, հանկարծ անոր դարձավ և գլուխը հակելով աջ ուսին վրա՝ հարցուց.

—Միհրանի՛կ, դպրոցը ֆրանսերեն կսորվեցնե՞ն կոր․․․

Պատանին թաղային վարժարանի չորրորդ դասարանն էր և արդեն ոչ միայն ֆրանսերեն կարդալ և գրել գիտեր, այլև պզտիկ թարգմանություններ կկատարեր։

— Այո՛, մորեղբայր,— ըսավ ան ինքնավստահ։

Միհրանը գիտեր, որ մորեղբորը համար ֆրանսերեն լեզուն սկիզբը և վախճանն էր ուսմունքին։

Գոհունակության ժպիտ մը սահեց Բարպայի մռայլ դեմքին վրա։

— Քեզի ֆրենկներուն քով կդնեմ, տղա՛ս,— ըսավ ան։ — Դուն աղեկ սորվե, աչքս նայե։

Հասեր էին Թագսիմ, ուր գնում մը ընելե հետո շեղեցան կողմնակի փողոց մը, ուրկե անցան նեղ և մանվածապատ գռիհներ. բաց դռներե և պատուհաններե կլսվեր հունարեն լեզուն, տուներու խորքերե կհասներ հարմոնիայի վրա նվագած եղանակներ և ուրախ, հնչուն ծիծաղներ։