Այս էջը հաստատված է

ուտելու ձևեր են։ Անոր նրբացած ճաշակը կենթարկվեր բիրտ հարվածներու, բայց անիկա կամքի ուժով կհաղթահարեր իր կրած տհաճ զգացումները։ Անիկա չէր կարող, մանավանդ, հանդուրժել սեռական զգացումի պոռթկումներու, որ անցնող որևէ աղջիկ հառաջ կբերեր այդ պարզ և առողջ տղոց մեջ և որը կարտահայտեին երբեմն գռեհկորեն, իրարմե քաշվելու պատճառ մը չունենալով։ Անիկա մեղմորեն կմերժեր կարդալ ֆրանսերեն պոռնկագրական գիրքերը (գլխավորապես՝ Պոլ դը Կոկի գիրքերը) որ այդ տղաքը կկարդային իրարու ձեռքե խլելով։ Բայց Արտակը մեծ ախորժակով կարդացեր էր, գաղտնապես, Բյուխների «Ուժը և նյութը» գիրքը, որ կեդրոնականցիներու հավատո հանգանակն էր։ Արտակը կատեր իր հայրը և կատեր ու կարհամարհեր բոլոր այն մարդիկը, որ իր հորը համարումը կվայելեին, և, ընդհակառակը, կմեծարեր անոնք, որոնք կանտեսվեին իր հորը կողմե։

Արտակը, որ հաճախ անձնատուր եղեր էր կրոնական միստիկականության, այժմ դարձեր էր կատաղի անաստված։ Չէր ուզեր, չէր կրնար հավատալ այն բոլորին, որոնց հայրը և ֆրերները կհավատային կամ հավատալ կձևացնեին, բայց պարտադիր ձևականությունները կկատարեր, ոչ թե որովհետև չէր համարձակեր բացեիբաց արտահայտել իր համոզումները, այլ որովհետև շատ փոքր հասակե սորված էր ճկիլ պատշաճության օրենքներու, որոնց դեմ մեղանչելը ավելի անհաղթելի բան էր իր մեջ, քան թե «արտառոց» գաղափարներ հայտնելը, ինչպես կորակեր Զարեհ էֆենդին իր տղուն խոսքերը։

Անիկա կտանջվեր իր մտորումներով և որևէ ելք չէր գտներ։ Դեռ փոքր հասակեն այդ անհանգստությունը բույն դրեր էր իր մեջ, բայց անիկա այնքան անորոշ բան էր, որ ոչ ոքի չէր խոսած այդ մասին, կարծես թակարդը ինկած թռչուն մըն էր, որ թևերը կթափահարեր և զուր կճգներ դուրս գալ զինքը բանտարկող ոլորտեն։ Անիկա դեռ չէր ունեցեր այն պատանեկան զգացումները, որոնցմով, ընդհանրապես, նորահաս երիտասարդ մը կսպառե իր ներքին անորոշ խռովքները։ Արտակը դեռ ոչ մեկ աղջկան վրա ուշադրություն չէր դարձուցեր և կկարծեր, թե այդ այն պատճառով է, որ միտքը