Այս էջը հաստատված է

ճերմակ քարտ տվի, ալ ի՞նչ խոսելիք կամ որոշելիք բան մնաց։

— Անոնց ուզածը ուրիշ բան էր,— ըսավ Խաչիկը մտախոհ։

— Դեռ անոնց մնա, շատ բան կուզեն,— ըսավ Զարեհ էֆենդին, բարկությունը չի կրնալով զսպել,— դեռ անոնք կուզեն, որ ես տունես֊տեղես ելլամ, իրենք նստին․․․ Բանվոր ըսածդ անհասկնալի ցեղ մըն է, անոնք բանով մըն ալ չեն կշտանար, տասը մատդ մոմ ընես, վառես, անօգուտ է․․․ Բայց դուն շնորհքով մարդ ես, պատիվ ունիս․․․

— Ես ալ իրենց պես արհեստավոր եմ,— ըսավ Խաչիկը խոժոռելով,— ամեն մարդ իրեն պատիվն ունի․․․— և ոտքի ելավ։

— Ես չէի ըսողը, թո՛ղ այդպես ըլլա,— ըսավ Զարեհ էֆենդին՝ ձեռքը կուրծքին վրա դնելով խոնարհաբար, հետո ոսկի ժամացույցը հանեց, նայեցավ և ըսավ.— դուն կուզես ժամը չորսին շոգենա՞վը առնել, դեռ ժամանակ կա, բայց հոգ չէ, կամաց֊կամաց կերթանք։ Ես ալ նավամատույցը տեղ մը պիտի հանդիպիմ, քեզի կընկերանամ, դեռ պստիկ բան մը ունիմ ըսելիք։

Քիչ հետո կղզիին հարթ և լայն մեկ ճամփուն վրա, ծաղկազարդ վիլլաներուն առաջքեն, կերթային Բարպա Խաչիկը և Զարեհ էֆենդին։ Վիլլաներու դռները փակ էին և պատուհանները ծածկված էին կանանչ փեղկերով։ Տիվանդորրի ժամն էր։ Երջանիկ բնակիչները կհանգստանային դեռ իրենց հանգստավետ սենյակներուն մեջ։ Երբեմն֊երբեմն անցորդները կտեսնեին պարտեզներու պուրակներու մեջ համակի մը մեղմ օրորումը, որուն մեջ փետուրի պես դեռատի աղջիկ մը կհանգստանար և որուն ճերմակ կամ երկնագույն հագուստին թեթև քղանցքը դուրս կզեղուր։ Երբեմն ալ թուխ կամ խարտյաշ գլուխ մը կբարձրանար և կդառնար դեպ իրենց կողմը և կարծես հուսախաբ՝ կրկին կմխրճվեր իր երազանքին մեջ:

Բարպայի և Զարեհի առաջքեն կերթային Միհրանը և Մաննիկը։ Այս վերջինը երբեմն կփորձեր Միհրանի թևը մտնել, որ չգիտնալով, թե ի՞նչ շարժում պետք է ընե, բազուկը կպահեր կախ, կողնիվար։ Բայց ի պատիվ իր