Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ՉՈՐՐՈՐԴ
ՏԱԳՆԱՊԸ

Երբ Խաչիկը և Միհրանը հասան կամուրջ, ուղղակի գացին դեպի թյունելը, բայց Բերա հասնելե հետո, Խաչիկը չուզեց անմիջապես տուն վերադառնալ։ Անիկա դրամ տվավ Միհրանին տրամվայի համար և ըսավ, թե ինքը գործ ուներ և տեղ մը պիտի երթար։ Բարպան պատվիրեց նաև իր քեռորդուն, որ Վիկտորյային ըսե՝ իրեն չսպասե ճաշի, որովհետև կրնար ուշանալ։

Բարպային միտքը շփոթության մեջ էր։ Շոգենավին մեջ երկարորեն մտածելե հետո Զարեհ էֆենդիի խոսքերուն վրա, անիկա դեռ չէր կրցած որոշել, թե ի՞նչ պատահեցավ, ո՞վ զիջեց, ի՞նքը, թե ճիզվիտը և թե ի՞նչ բանի մեջ եղավ զիջումը։ Բայց ինչ որ անտանելի էր, այն ասեղի սուր խայթոցի զգացողությունն էր, որ կզգար ուղեղին մեջ ամեն անգամ, որ իր մտածումը կհանդիպեր Վասիլին։ Բարպան անվերապահ վստահություն ուներ Վասիլի վրա. «Ինքզինքմես ավելի անոր կհավատամ», կըսեր, որովհետև գիտեր, որ Վասիլը արյունը կթափեր, բայց չէր դավաճաներ իր արհեստակիցներու շահերին։

Բայց փաստական իրականությունը զինքը կպղտորեր։ Եթե Զարեհ էֆենդին պնդեր, որ Վասիլը գիտակցաբար կուզե մոլորեցնել իր ընկերը, Բարպան չէր հավատար, բայց մի՞թե չէր կրնար պատահիլ, որ անիկա անգիտակցաբար ենթարկվեր Արիստաքիի թելադրանքներուն։ Ո՞վ էր անմիջապես շահագրգռված, որ Զարեհին աշխատավորները «բոյ