Այս էջը հաստատված է

քաշեին», անզիջող մնային։ Եթե միայն մեկ օր Զարեհի արհեստանոցը փակվեր, դեսպանատան կառքը կմտներ Արիստաքիի արհեստանոցը։

Ոչ միայն Վասիլը և Բարպան, այլև բոլոր արհեստավորները ընդհանրապես անտարբեր էին իրենց գործատերերուն հաջողություններուն և անհաջողություններուն։ Անոնք անխտրաբար կզվարճանային Ճիզվիտի և Դըրջանի մրցակցությունով և իրարու կպատմեին ծիծաղելի դրվագներ։ Ոչ մեկ պատճառ չի կար, ուրեմն, որ հանկարծ Վասիլը որևիցե կերպով մտներ իր տիրոջը տեսակետներուն մեջ։

Բարպան քալելով բարձրացավ Բերայի շիտակ ճամփեն, հետո հանկարծ շեղեցավ և մտավ կողմնակի նեղ փողոց մը, ուր ավստրիական գարեջրատուն մը կար։ Երբեմն կերթար այնտեղ և կիսով չափ գետնափոր և ծխոտ սրահին մեջ կնստեր առանձին անկյուն մը, տակառաձև սեղանի մը առաջ և գարեջուր և խոզի երշիկ կպատվիրեր։ Բարպան կսիրեր դիտել այդ հաստ և կարմիր ծոծրակներով գերմանացիները և ավստրիացիները, որոնք անվերջ կխմեին, կուտեին կամ իրենց ծխամորճը շրթունքին մեկ անկյունը տեղավորած, կծխեին և կխորհրդակցեին։ Այդ նույն տան վերևի հարկերեն մեկուն անշուք մեկ սենյակին մեջ ապրեր և հետո ինզզինքը կախեր էր Եղիա Տեմիրճիպաշյանը։ Բարպան մեկ տող բան չէր կարդացած Տեմիրճիպաշյանի գրածներեն, բայց գիտեր անոր մասին ըսվածները և գիտեր, մանավանդ, որ օտարական կին մը գուրգուրանքով և հոգածությամբ վարվեր էր այդ ամենեն լքված, անհավասարակշիռ գրողին հետ։

Տունը կհամարվեր վատահամբավ, բայց գարեջրատան սրահին մեջ ոչ մեկ կասկածելի բան չի կար։

Երբ Բարպան նստեցավ սեղանի մը առաջ, զգաց, որ իր մտքի շփոթությունը ալ ավելի կշատնար։ Տարտամ հուզում մը կգրավեր իր հոգին և անկայուն կդարձներ իր տրամադրությունը։ Հանկարծ գիտակցեց, որ դժգոհ է ինքզինքմեն, բայց որքան մտածեց, որոշ պատճառը չգտավ այդ դժգոհության։ Անիկա ջանաց վերլուծել ամբողջ օրվան մեջ պատահածները, իր լսած խոսքերը, իր ըսածները, իր կրած