տպավորությունները և անկեղծորեն չէր կրնար որևէ մանրամասնություն մը գտնել, որ կարենար հիմնավորել իր դժգոհությունը։ Բայց և իր անցուցած օրվան ամբողջական տպավորությունը տհաճելի էր։ «Ես այդ Ճիզվիտին ճաշը պետք չէր որ ուտեի», մտածեց անիկա։
Բարպան մնաց այդ գարեջրատունը բավական երկար ատեն, հետո դանդաղորեն դեգերեցավ հարևան փողոցներու մեջ և փոխանակ շիտակ ճամփեն ելլելու, անցավ Թարլա բաշիի փողոցը։ Այնտեղ քիչ մը բարձրանալե հետո մտավ երգեցիկ սրճարան մը, ուր մնաց մինչև ուշ ատեն, հետո գնաց գինետուն, լավ մը խմեց և ժամը առավոտյան երկուքը անցած էր, երբ հասավ տուն, հոգնած, միտքը ցրիվ, սրունքները անհաստատ և տրամադիր կռվի բռնվելու առաջին պատահած առիթով։
Վիկտորյան, իր սովորության համեմատ, անքուն նստած էր բազմոցին վրա, բաց պատուհանին առաջ և կսպասեր Բարպային։ Անիկա անմիջապես հասկցավ ամուսնույն վիճակը և առանց բառ մը ըսելու օգնեց անոր, որ հանվի և տեղը պառկի, հակառակ որ շատ բաներ ուներ ըսելիք և անհամբեր էր հայտնելու Բարպային օրվան մեջ պատահածները: Վիկտորյան կճանչնար Բարպային այդ մոլորուն նայվածքը և գիտեր, որ անիկա, ընդհանրապես հանդարտ և մեղմ, կդառնար դյուրագրգիռ, զայրացկոտ և կարող էր ծայրահեղություններ ընել, երբ հազվադեպ կերպով գինովության այդ աստիճանին հասած ըլլար:
Երբ Միհրանը Բարպայեն բաժնվելե հետո տուն հասավ, Վիկտորյան անհամբերությամբ հարցուց անոր.
— Ո՞ւր է Բարպան։
Վիկտորյան, լսելով, որ Միհրանը չէր գիտեր, թե ո՞ւր պիտի երթար մորեղբայրը և թե անիկա կրնար ուշանալ, հուսահատեցավ։
— Ամբողջ օրը Բարպան հարցուցին, քսան անգամ եկան, գացին,— ըսավ անիկա,— պետք է անպատճառ Բարպան