Այս էջը հաստատված է

գտնել: Ատաղձագործ Ղուկասը եկավ և ըսավ, որ ամեն բան տակնուվրա է։

Բայց ոչ Վիկտորյան, ոչ Միհրանը որևէ միջոց չունեին Խաչիկին հետքը գտնելու։ Վերջապես երկուքն ալ մխիթարվեցան այն մտքով, որ, անտարակույս, Բարպան տուն գալե առաջ կհանդիպեր սրճարանները և կտեսներ իր ընկերները։

Հետո Վիկտորյան հայտնեց Միհրանին, աղի արցունք թափելով, որ Ապոստոլը մեռեր էր։ Բժիշկները խորհրդակցեր և եկեր էին այն եզրակացության, որ հիվանդին ամբողջ սրունքը վարակված է փտախտով և թե միայն անմիջապես հիվանդին ոտքը կտրելով կրնային կյանքը փրկել, բայց Ապոստոլին մայրը դեմ եղեր էր։

— Ինչպե՞ս ալ դեմ չըլլար,— կըսեր Վիկտորյան, անծանոթ մորը կարծիքը պաշտպանելով,— քի՞չ եղած է, որ բժիշկները կտրենք ըսած են, ետքն ալ հիվանդը աղեկցած է տունի դեղերով։

Վերջապես, Ապոստոլը հանձնվեր էր հույն բժշկի մը, որուն համար կըսեին, թե հրաշքներվ գործած է, բայց շաբաթ իրիկուն, առավոտյան դեմ, Ապոստոլը մեռեր էր։

— Խեղճը մեռնելու մեջ անգամ բախտ չուներ,— ըսավ Վիկտորյան։— Կիրակի առտվանցով էսնաֆը ցրված էր: Հոս եկան, երբ դուք արդեն գացած էիք։ Հայ և հույն բանվորները դպեր են իրար,— ավելցուց Վիկտորյան պահ մը լռությունե հետո,— օր մը չեղած բան, Միհրա՛ն, ես քանի Բարպան կճանչնամ, օր մը օրանց ատանկ բան չէր եղած: Եկան Բարպային վրա, ամա՜ն, ամա՜ն, արյուն պիտի թափի, կըսեն, մինակ Բարպան կրակը կմարե, կըսեն. բայց դուք, է՛հ, ո՞ւր էիք այդ միջոցին․․․ կղզի գացած են ըսի, շոգենավ չի կար, որ ետևնուդ մարդ ղրկեի։ Է՛հ, հիմա դուն պատմե նայիմ,— ըսավ Վիկտորյան աչքերը սրբելով և ժպտուն դեմքով։

Բայց Միհրանը, որ կորսված էր իր երազանքներուն մեջ և միևնույն ատեն շշմած լսածներեն, պահ մը լուռ մնաց։

— Կերածդ, խմածդ քեզի, մնացածը պատմե,— պնդեց Վիկտորյան։