Այս էջը հաստատված է

— Ղուկասը երկու անգամ եկավ, անպատճառ քեզի գտնալ կուզեին։

— Ի՞նչ է պատահեր կիրակի օրով,— ըսավ Բարպան։

Վիկտորյան նախքան խոսելը երկու խոշոր արցունքի կաթիլներ թափեց և մրմնջեց.

— Ապոստոլը մեռեր է։

Բարպան՝ կարծես ավելի սրտնեղած, քան թե ցաված, խուլ հայհոյություն մը արձակեց, հետո սկսավ հոնքով, աչքով ինքնիրեն խոսիլ։

— Հայ և հույն բանվորները իրար դպեր են,– ըսավ Վիկտորյան հապճեպով և կարծես իր դերը կատարած համարելով, իջավ խոհանոց։

Բարպան ապշած մնաց. անիկա կնայեր Միհրանին հարցական ակնարկով և հետո աչքերը կխոնարհեր, կարծես տաժանելի զգացումի մը ազդեցության տակ։ Ասեղի սուր խայթռցը անգամ մըն ալ վիրավորեց անոր ուղեղը, և անիկա արտորալով կոշիկները հագավ, իջավ սանդուղներեն և դուրս եկավ տունեն՝ առանց Վիկտորյայի հետ բառ մը փոխանակելու, հակառակ որ կինը եկած էր բակը և մնաց դռանը սեմին վրա մինչև որ Բարպան անցավ փողոցի անկյունը։

Բարպան ծանր, բայց արագ քայլերով անցավ Թաթավլայի փողոցներեն և հասավ Բանկալթիի պողոտային վրա։ Դեռ վաղ առավոտ էր, և զով քամի մը մեղմորեն կանցներ արևի ճառագայթներով լուսահեռ մթնոլորտին մեջ։ Տրամվայ մը կբարձրանար գրեթե պարապ։ Ծաղկավաճառ աղջիկներ, նոր քաղած ծաղիկներով լի կողովը թևերնուն կախ, կերթային մեկ անցորդեն մյուսը, որոնք այդ ժամուն զանազան գործերով մտազբաղ, ուշադրության չէին ընել այդ առաջարկներուն։ Սիմիթ և այլ ուտելիքներ ծախողներ, իրենց ափսեն տեղավորած եռոտանիին վրա, սուր կամ թավ ձայնով իրենց ապրանքները կգովեին։ Բարպան ուզեց սիմիթ մը առնել, բայց միտքը փոխեց, անցավ պողոտան և դիմացի կարգի սրճարաններու առաջքեն հասավ արհեստանոցի անկյունի փողոցը։

Զարեհ էֆենդիին արհեստանոցը փակ էր։ Բարպան շշմած մնաց այդ ամրափակ փեղկերուն առաջ։ Խելքը բանի մը