Այս էջը հաստատված է

— Բարպա՛ն է․․․ Բարպան եկա՜վ․․․ Ո՞ւր էիր, Բարպա, երեկ մինչև կեսգիշեր քեզի փնտրեցինք։

Բայց Բարպայի ուշադրութենեն չվրիպեցավ, որ խումբ մը երիտասարդ հույներ, որոնք մեկուսացած էին, լուռ կնայեին իրեն և նշանակալից ակնարկներ կփոխանակեին սրճարանին հույն սպասարկողներուն հետ։

Ամեն կետերե Բարպան կհրավիրեին իրենց կողմը, բայց անիկա վարանոտ դանդաղ քայլեր կառներ, երբ ատաղձագործ Ղուկասը մտավ։ Բարպան միացավ անոր և մյուսներուն ձեռքով նշան մը ընելով, առանձնացավ անկյուն մը։

Ղուկասը, հակառակ ամառնային տաքին, վիզը փաթտել էր բրդե վզնոց մը։ Անիկա նախ գանգատեցավ՝ ըսելով, որ սաստիկ հարբուխ ուներ։

— Կարդաշ,— ըսավ անիկա Խաչիկին,— աչքերս չեն բացվիր կոր, դուրս ելլալիք բան չէի, բայց սիրտս չհամբերեց:

Բարպան հարցական նայեցավ անոր։

Երբ սպասյակը սուրճերը բերավ, այն ատեն միայն Ղուկասը սկսավ խոսիլ ցած և խորհրդավոր ձայնով։

— Հույները,— ըսավ անիկա, շողշողցեր են, առաջինը չեն, բան մը կանցնի-կդառնա կոր, օդին մեջ հոտ մը կա, աղվոր հոտ չէ․․․

Եվ Ղուկասը քիթը վեր քաշեց փսթփսթելով, կասկածի արտահայտությամբ։

— Ինչո՞ւ արհեստանոցը չի բացիք, ի՞նչ կա, ո՞վ պատճառ եղավ,— հարցուց Խաչիկը անհամբեր։

— Կեցիր, որ սկիզբեն պատմեմ,— ըսավ Ղուկասը՝ խահվեն ներս քաշելով շրթունքին ծայրով,— ատենե մը ի վեր ես կդիտեմ կոր, ասոնց ականջը բան մը հասեր է, գաղտնիք մը ունին, անցյալ օրը նոր եկողը, Միխայիլը․․․

Բարպան անհամբերության բուռն շարժում մը ըրավ։

— Բե՜, մարդ աստուծո,— ըսավ Ղուկասը սրտնեղած,— ինտո՞ր ինը ամիս մորդ ծոցը համբերեր ես․․․ Միխայիլը պատկեր մը կցուցներ կոր, հույները, մեծ, պստիկ, շուրջը հավաքվեր էին․․․ Վենեզիլոս կըսեր կոր, ալլահալեմ, կըսեր կոր քի հին Հելլիտան նոր հերոս մը ծներ է՝ Մեծն Հունաստանը ստեղծելու համար․․․