Այս էջը հաստատված է

Բարպան ոչ միայն համակերպեցավ, այլև սկսավ հետաքրքրվիլ Ղուկասի խոսքերով։

— Երեկ,— ըսավ վերջապես Ղուկասը,— ժամը տասնմեկը կա եղեր, ես տունն էի, այստեղ լուր եկեր է, որ Ապոստոլը մեռավ։ Հոս ըլլողները՝ հայ թե հույն, ամենքն ալ ցավեր են, բայց հույներեն մեկը ըսեր է, որ Ապոստոլը Ճիզվիտին զոհն է․․․ Ամենքս ալ համաձայն ենք․․․ մեր ըսածն ալ ուրիշ բան չէ․․․ Բայց քեզի կըսեմ կոր, Բարպա՛, ատ Միխայիլը ֆեսադ տղա է, ան է ամեն բան խառնողը։

Բարպան, մտախոհ, հոնքերը ճակատին թառած, սիգարեթ մը կոլորեր։

— Քեզի կըսեմ կոր քի Միխայիլը առտու իրիկուն բանի մը ետևե է, հատտա՜, ես անիկա բռնեցի ուրիշ սրճարանի մը մեջ, աճալ-աճայիպ մարդոց հետ, բայց քեզի անգամ բան մը չըսի․․․ ինչո՞ւս պետք, Դասկալոսն ալ անտեղ էր, կհակաճառեր կոր, բայց Դասկալոսը, գիտես, շիտկե֊շիտակ բան մը չըսեր որ, առաջով կլռե, ապուխ-սուպուխ կխոսի։

Ղուկասը շունչ առավ, թուքը կուլ տվավ, քիթը սրբեց և շարունակեց.

— Մեր հույները մեզի հետ խմորված են, անոնք իրենց գործին, իրենց հացին ետևեն են, անոնցմե բան չելլար, բայց վերջապես մարդ են, շիտակը ըսելով, Մեծ Հունաստանն ալ պստիկ բան չէ․․․

— Կռիվը ինչի՞ վրա էր,— հարցուց Բարպան։

— Միխայիլը ըսեր է, որ հույները պետք է միանան, որպեսզի այդպես զոհ չերթան հայերու․․․ ան ատեն մեր տաք գլուխ Պողոսը պոռացեր է. «Աստեղ ի՞նչ հույնի, հայու խնդիր կա. կարծես թե Դըրջանին արհեստանոցին մեջ հեչ ատանկ բան չըլլար»։ Վա՜յ, դուն ես մի Դըրջան ըսողը․․․ Միխայիլը հարձակվեր է Պողոսին վրա, ըսելով, որ մեր ազգը կնախատես, Պողոսը հատ մը փակցուցեր է Միխայիլի քիթին֊բերնին, Միխայիլի ընկերները, ջահելները, հարձակեր են Պողոսին վրա. է՛հ, մերիններն ալ թեք չեն մնար, գիտես․․․ Հույները կերեր են, սրճարանը տակնուվրա եղեր է, մեծերը, շիտակը ըսելով՝ հույներն ալ միասին, միջամտեր են, բայց․․․