այդքանը բավական է, քանի որ երևույթները փրկված են, իսկ մնացածը իր գործը չէր։
Ժոզեֆինը վեց հարկը իջած և բարձրացած ժամանակ հաճախ կմտներ դռնապանուհիին մոտ և քիչ մը զրույց կըներ անոր հետ։ Երբեմն ալ բանան մը կամ նարինջ մը կուտար անոր։ Ժոզեֆինը, զգալով, որ դռնապանուհին չէր կլլած իրենց ամուսնության սուտը, հաճախ անոր ուշադրությունը կդարձներ իր ոսկի օղակին վրա։
— Երևակայեցեք, տիկին Կոտեն,— կըսեր ան,— այս առավոտ լվացված ժամանակս ամուսնական մատանիս կորսնցուցի։ Չեք կրնար գիտնալ, թե ինչքան վատ զգացի․․․ կմտածեի, թե լավ նշան չէ։
— Անշուշտ լավ նշան չէ,— կըսեր տիկին Կոտենը և առիթեն կօգտվեր շարք մը, հազար անգամ պատմած, դեպքեր պատմելու, որոնք կապացուցանեին, թե իսկապես ամուսնական մատանին կորսնցնելը վատ նշան է։ Բայց անիկա իր խոսքը կվերջացներ հայտարարելով.— ամեն մարդ ազատ է իր բնակարանին մեջ, այնպես չէ՞․․․ ամեն մարդ ազատ է իր անհատական կյանքին մեջ, այնպես չէ՞․․․ բավական է, որ մեկը ուրիշին հանգիստը չի խանգարե։ Ես այդ միշտ ըսեր եմ․․․
Ժոզեֆինը, ինչքան որ անփույթ էր առաջին օրերը, այնքան ավելի հետզհետե սկսավ մտահոգ ըլլալ իր ընտանեկան վիճակին վրա։ Անիկա կմտածեր, որ Էմիլը լավ տղա էր, սիրով իրեն հետ, բայց ո՞վ գիտե ինչ կպատահի․․․ Ինքը՝ Ժոզեֆինը խնայող էր և աշխատասեր, սենյակը կպահեր կատարյալ մաքրության մեջ, ուր կարգուկանոն կտիրեր։ Շոգենավի խցիկի նման փոքր և կարասիներով խճողված այդ սենյակը հաճելի էր և բարեկեցության զգացումը կներշնչեր։ Ամեն ինչ իր տեղը ուներ, և փոքրիկ բուֆետը լի էր ամեն գույնի և տեսակի ըմպելիներով։ Ժոզեֆինը օժտված էր այն գործնական խելքով, որով կարելի է օգուտ քաղել ամեն բանե, և շատ քիչ ծախսելով, անիկա կհաջողեր ունենալ լավ սեղան։
Երկու տարիի չափ այսպես ապրելե հետո Ժոզեֆինը մանրակրկիտ հաշիվ մը ըրավ և եկավ այն եզրակացության,