Այս էջը հաստատված է

Բայց, վերջապես, անիկա գտավ միջոցը առևտրական աշխարհին մեջ շահի աղբյուրներ գտնելու։ Համիդյան դաժան օրերուն, երբ երկրի առևտրականները կհանդիպեին հազար տեսակ կամայականություններու և անիմաստ դժվարություններու, մեծ աջակից մը համարեցին այդ իսկական ֆրանսիացին, որ իր անունով, հենված կապյուտյուլասիոններու օրենքներուն, կկատարեր շատ գործեր և միշտ կստանար առատ միջնորդչեք։

Էմիլի մորեղբայրը արդեն բավական պարարտացեր էր, երբ հույն վաճառականի մը գործերուն համար եկավ Մարսիլիա։ Անիկա գործը հաջող կերպով կատարելե և մեծկակ գումար մը գրպանելե հետո ուզեց Փարիզը այցելել, ուր չէր եկած երբեք։ Էմիլի մորը միջոցով ան ստացավ իր քեռորդուն հասցեն և գնացքը մտավ։

Իրիկուն մը Էմիլը տուն հասնելով, գտավ իր մորեղբայրը Ժոզեֆինին հետ գլուխ֊գլխի, սեղանը ծածկված գույնզգույն ըմպելիներու շիշերով, և մնաց ապշած։

Բայց մորեղբայրը՝ իր մերիդիոնալի անսեթևեթ անմիջականությամբ, նետվեցավ քեռորդուն վիզը, հնչուն և խոնավ համբույրներ դրոշմեց անոր այտերուն և առանց այլևայլի խոսեցավ Էմիլի և Ժոզեֆինի կապը օրինականացնելու մասին, ինչ որ կատարվեցավ պարտադիր ժամանակը և ձևականությունները լրանալե հետո։ Այդ միջոցին Էմիլը, Ժոզեֆինը և մորեղբայրը մշտատև տոն և խրախճանք է որ կապրեին։ Մորեղբայրը ցուցարար առատաձեռնությամբ կմսխեր իր դրամը և հրաշալիքներ կպատմեր այն Կոկանյի երկրի մասին, որ Թուրքիան էր։ Անիկա կըսեր, թե Թուրքիան խորթ մայր էր իր հարազատ ամեն ազգի զավակներուն համար, բայց, ընդհակառակը, ամեն բանի կհանդուրժեր օտարականներու, բայց, մանավանդ, եվրոպացիներու համար։ Անիկա բացատրեց շլացած Էմիլին և Ժոզեֆինին, թե կապյուտյուլասիոն օրենքները ինչ անսահման առանձնաշնորհումներ կընծայեին, և թե ինչպես եվրոպացիները տեր ու տիրական էին կացության, որոնց ամենեն հետինին առաջ կդողային նույնիսկ կառավարական բարձր պաշտոնյաները։

Մյուս կողմանե, մորեղբորը նեղ կուգար փարիզյան