Այս էջը հաստատված է

— Ուրիշ մարդ մը կա՞ Բարպային նման աս աշխարհիս երեսին․․․ անանկ ատեն մը, Միհրանի՛կ, որ Բտրպայի նման կտրիճի մը ձեռքը կպագնեին, անանկ աղջիկ կուտային, անիկա ինձ հավնեցավ, հավնելիք ալ բան մը չունեի, օժիտս ալ շինեց, ինձ առավ․․․

Հետզհետե ավելի գրգռվելով, Վիկտորյան հեծկլտալով կուլար և կավելցներ.

— Ինձ փրկեց անարգութենե, ինձ կյանք տվավ, Միհրա՛ն։

Պատանին ակամա կհիշեր Իպրաքսե հորաքրոջը տհաճ ակնարկությունները և ակնապիշ կնայեր Վիկտորյային, որուն արցունքով ողողված դեմքին վրա ծիծաղը շուտով կերևար, և չէր կրնար որոշել, թե Վիկտորյային խոսքերը լո՞ւրջ էին, թե ծաղրանք։

Ան օրնիբուն կերգեր և միևնույն ատեն կզբաղեր տան գործերով։ Բարպայի բացակայության Վիկտորյան իր շնորհապարտ գորովանքը կարտահայտեր ամուսնին վերաբերյալ, իրերը դարսելով կամ անոր համար խորտիկներ պատրաստելով, և ամեն անգամ մեծ բավականություն կզգար՝ ըսելով.

— Բարպային մուճակները բազմոցին տակ դնենք, իր ուզած տեղը։

Կամ՝

— Բարպային համար թերաթուր պատրաստենք, կսիրե։

Իսկ Բարպայի ներկայության անիկա իր ամուսինը կշրջապատեր, ամեն րոպե, մանր հոգածություններով, մինչև որ սրտնեղություն պատճառեր։

Զավակ չէին ունեցեր և այդ կհամարեին իրենց դժբախտությունը։ Բայց տարիներու ընթացքին համակերպեր էին, և այժմ այն հեռանկարը, որ Միհրանն իրենց տանը պիտի մնա, երկուքն ալ կուրախացներ, հակառակ որ դժբախտ պատճառով մըն էր, որ այդ կըլլար։

— Դուն ծնար թե չէ, Բարպան ուզեց քեզ առնել, մարըդ դեմ եղավ,— ըսավ Վիկտորյան Միհրանին։