Այս էջը հաստատված է

նախճիրներ գործեր էին մորեղբորը խոսքերը։ Անիկա սկսավ երազուն դառնալ և անտարբեր՝ իր առօրյա գործին։ Երկուշաբթի օրերը, մանավանդ, որ վարսահարդարներու հանգստյան օրն էր, անիկա առավոտուն երկար կմնար իր անկողինը, հետո, կես-հագված, կդեգերեր սենյակին մեջ, անվերջ կխոսեր Արևելքի մասին, խանգարելով իր ժրաջան կնոջը առտնին գործերը և աշխատանքը։

Ընդհանրապես, Էմիլը և կինը ժամը տասնին պառկած կըլլային, երբ դուրս չէին գար, ինչ որ կպատահեր միայն հանգստի նախորդ իրիկունը։ Բայց մորեղբայրը մեկնելեն ի վեր Էմիլը կմերժեր անկողին մտնել։ Նույնիսկ, երբ դուրս չէին ելլեր, անիկա կմնար սեղանին առաջ և մինչև առավոտյան ժամը երկուքը, անվերջ ծխելով և ըմպելիքներ խմելով, կխոսեր իրենց ապագա կյանքի մասին։

Ժոզեֆինը, տեսնելով, որ այդ ընթացքով ոչ միայն իրենց ամենօրյա զրկանքներու գնով կուտակված փոքր խնայողությունները պիտի ցնդին, այլև վտանգ կա, որ Էմիլը իր գործեն արձակվի, վճռեց իրենց մեկնումը և, իբր գործնական կին, անմիջապես ձեռնարկեց իրագործել այդ ծրագիրը:

Էմիլը, որ կշարունակեր երազել և կնոջը գլուխը տանիլ ապագա ծրագիրներով, երբ տեսավ, որ վերջապես Ժոզեֆինը թանձրությամբ, ծանրությամբ որդեգրեր է այդ ծրագիրները, Էմիլը սկսավ վախնալ և տատամսիր: Ամեն անգամ, որ կնոջը պատվերով կերթար խնայողական սնդուկեն գումար մը առնելու, սիրտը կսեղմվեր անորոշ հոգերով և կարծես ոտքի տակ հողը կկորսնցներ։

Այդ միջոցին Ժոզեֆինը լրջությամբ կպատրաստվեր իր նոր կյանքին։ Ճամփորդության համար երկրորդ կարգի տոմսակներու և գրպանի համար պետք եղած դրամը մեկ կողմ դնելե հետո, մնացյալ խնայողությունները հատկացուցեր էր իր և ամուսնույն արդուզարդին։ Ճիշտ է, որ անիկա որևէ գնում ընելե առաջ երկար կմտածեր և գինի փոքր տարբերություններու համար կվազեր մեկ վաճառատունեն մյուսը, բայց, վերջապես, գնումները կըներ և այդ բոլորը կհամարեր իրենց մտնելիք նոր կյանքի անհրաժեշտ