Այս էջը հաստատված է

նախապայմանները։ Էմիլը չէր համարձակիր ժխտել կնոջը պատկերացումները, որոնք զինքը կխրտչեցնեին, ճիշտ այն որոշ շրջագիծերուն պատճառով, որոնցմով Ժոզեֆինը կտեսնար ամեն ինչ, մինչդեռ իր երևակայությունը թեթև էր և կստեղծեր անորոշ շքեղություններ, օպերետային տարտամ հեռանկարներ։

Վերջապես, Էմիլը և Ժոզեֆինը քանի մը ֆրանկի փոխարեն ծախելե հետո իրենց տան կահկարասիքը, ճամփա ելան։ Հասնելով Մարսիլիա, անոնք չկրցան նույնիսկ երթալ Էքս-ան֊Պրովանս, որովհետև Ժոզեֆինը չէր ուզած նվերներ առնել Էմիլի ծնողքին համար և հաշվեր էր ըստ այնմ, որ Մարսիլիա հասած օրն իսկ պետք էր շոգենավ մտնեին։

Անոնք տոմսակներ առեր էին մյուս հերթի շոգենավի մը համար, որ Կոստանդնուպոլիս կերթար՝ հանդիպելով Պիրետ և Զմյուռնիա։ Շոգենավին մեջ Ժոզեֆինը զգաց ֆրանսուհի, բայց մանավանդ փարիզուհի ըլլալու առավելությունները։ Անոր շուրջը կդառնային նույնիսկ առաջին կարգի ճամփորդները։ Ժոզեֆինը գիտեր հագվիլ բնական շնորհով և, կարծես թե, իր ներբաններուն տակ բերեր էր փարիզյան մայթերու հրապույրը։ Անիկա հազիվ զարմացավ, որ սեղանավորներ և մեծ առևտրականներ շատ հետաքրքրական կգտնեին զինքը և իր ընկերությունը կցանկանյին։ Ժողեֆինը սիրով կընդուներ հրավերները շոգենավին առաջին կարգի սալոնին մեջ, ուր հույներ, հայեր և լևանտեններ կտիրապետեին։ Միակ մարդը, որ կռնակ կդարձներ Ժոզեֆինին և անոր ծիծաղներեն և շատախոսություններեն միշտ կխուսափեր, ֆրանսիացի ջութակի պրոֆեսոր մըն էր, որ Կ. Պոլիս կերթար՝ օսմանյան կոնսերվատորիայի մեջ աշխատելու։

Ժոզեֆինը, ուրեմն, շրջապատված հաճոյակատար և փութկոտ տղամարդոցմե, անդրադարձավ, որ իր ամուսինը կացության բարձրության վրա չէր։ Այդ մանրուկ մարդը, շարժուն սև բիբերով, վատ տպավորություն կըներ և ետ կմղվեր ճիշտ այն մարդոց կողմե, որոնք կշրջապատեին Ժոզեֆինը։ Երբ, ուշ ատեն, այր ու կին կառանձնանային իրենց խցիկը, Ժոզեֆինը, որ մեծ համարձակություններ առեր էր,