Այս էջը հաստատված է

Խնդիրը այն էր, որ այր ու կին բազմաթիվ անգամներ կռվեր էին իրար հետ Էմիլի և Ժոզեֆինի հավանական ժամանումի առթիվ։ Մորեղբայրը, որ քաջ էր կնոջմեն հեռու եղած ատեն, անոր առաջ մուկ կդառնար, ճնշվելով նույնիսկ կնոջը ֆիզիկական ծավալեն։ Վերջապես, անիկա խոստացեր էր, որ երբ իր ազգականները հասնին Զմյուռնիա, երես չի տար անոնց։

Մորեղբայրը ընկերացավ Էմիլին ու Ժոզեֆինին։ Հասնելով քարափ, սենյակ մը վարձեցին ծովափնյա հյուրանոցներեն մեկուն մեջ: Մորեղբայրը խոստացավ հետևյալ օրն իսկ որոշ գումար մը հատկացնել Էմիլին մինչև որ գործ մը գտներ։

— Այսպես լավ է,— ըսավ ան, փափագելով այդ փշոտ խնդիրը կարգադրել հաշտությամբ,— ամեն մարդ իր տան մեջ, այդպես ազատ կըլլանք։

Բեռնարները անզգալաբար անձնատուր եղան տեսակ մը արձակուրդային կյանքի։ Անոնք ուշ կելլեին իրենց անկողիններեն, պատուհանեն ծովը կդիտեին, շոգենավերու երթևեկով կհետաքրքրվեին, կհորանջեին, անվերջ կաֆե կխմեին և մինչև ժամը մեկը քարշ կուգային տան մեջ, ուր ծանոթություններ հաստատեր էին ընդհանրապես ֆրանսախոս, անորոշ ազգությունով և կասկածելի բարքերով առանձին ապրող կանանց հետ։ Այդ կիները զանազան արկածալի դեպքերու հետևանքով եկեր խրվեր էին Արշիպեղաքոսի ափին վրա, գեղեցիկ Զմյուռնիո մեջ։ Երբ Էմիլը կերթար, ոչ որոշ ցանկությամբ և նպատակով, իբր թե գործ փնտրելու, Ժոզեֆինը և այդ կիները, տան հագուստներով, կհավաքվեին մեկնումեկին սենյակը, թուղթ կբանային, պասիանս կընեին և երկարորեն կպատմեին իրենց գլուխն եկածները։ Հետո, հյուրանոցին ճաշարանեն ճաշ բերել կուտային և անվերջ կբամբասեին տեղական բարքերը, բայց, մանավանդ, կերակուրները։

Երեկոյին Էմիլը և Ժոզեֆինը, հագված իրենց պարադի հագուստները, կերթային զբոսնելու քարափին վրա, կմտնեին երգեցիկ սրճարանները, կճաշակեին տեղական քաղցրեղենները և ուշ ատեն կվերադառնային իրենց սենյակը: Մութը