Այս էջը հաստատված է

կոխելեն հետո Ժոզեֆինին հարևանուհիները կարծես թե հմայքով կանհետանային, բայց երբ Բեռնարները կվերադառնային տուն, երբեմն նրբանցքներուն մեջ կհանդիպեին խուսափուկ կանացի ստվերի մը, երբեմն՝ զույգ ստվերներու։ Էմիլը կանգ կառներ և կբացականչեր.

— Ա՜հ, ո՛չ, օրինակի համար, ըսեք կխնդրեմ․․․

Բայց Ժոզեֆինը կլռեցներ զինքը։

Երբեմն ալ, ուշ ատեն, դռները փակ սենյակի մը մեջ կբարձրանար կագ ու կռիվ. կանացի հիստերիկ լացի մը ողբագին և երկարաձգվող ձայնը կլսվեր լուռ տանը մեջ, բայց ոչ ոք չէր միջամտեր. հետևյալ օրն ալ ոչ ոք այդ մասին չէր հետաքրքրվեր։

— Ուրե՞մն,— կըսեր Ժոզեֆինը,— ամեն մարդ իր սենյակին տերն է, և այդ ոչ ոքի խառնվելու բանը չէ։

Վերջապես, օր մըն ալ Էմիլի մորեղբայրը գումար մը ևս տվավ քեռորդուն և վճռականապես հայտարարեց, որ այլևս չէր կրնար օգնել իր ազգականին։ Վեց ամիս էր, որ Բեռնարները Զմյուռնիա էին և կապրեին իր ծախքով։ Պետք էր վերջ մը դնել։

Այն ատեն Էմիլը սկսավ լուրջ կերպով գործ մը փնտրեր: Բայց իր կարողությունները սահմանափակ էին. իրեն առաջարկեցին ծառայել եվրոպացի հաճախորդներ ունեցող պանդոկի մեջ կամ պարզապես դառնալ վարսահարդար։

Ա՜հ, ո՛չ,— կըսեր Ժոզեֆինը,— եթե պիտի գոհանայինք այսպիսի գործով մը, ինչո՞ւ պիտի հեռանայինք մեր երկրեն։

Քանի իրենց մոտ եղած գումարը կհալեր, այնքան այր ու կնոջ հարաբերությունները կթունավորվեին։ Այժմ, որ չէին կրնար հաճախել երգեցիկ սրճարանները և ծովափնյա գիշերային ճաշարանները, կմնային իրենց սենյակը և անխուսափելիորեն կկռվեին իրար հետ, իրարու երեսի նետելով ծանր խոսքեր։

— Քու ուղտ մորեղբայրդ գլուխդ դարձուց, մեզ այս կեղտոտ երկիրը բերել տվավ, հիմակ ալ մեզ հետ կվարվի՝ ինչպես քոսոտ շուներու հետ,— կըսեր Ժոզեֆինը։