Այս էջը հաստատված է

գաղտնապահություն հուսալ, ընդհակառակը, անիկա ամեն պատճառ ուներ մորեղբայրը խայտառակելու։

Նախ ուզեց ինքը տալ ճամփու ծախքը, բայց հետո մտածեց, որ Բեռնարները այդ դրամը կուտեն և կմնան։ Առաջարկեց, ուրեմն, անգամ մըն ալ գումար մը տրամադրել և Էմիլին գործ մը բանալ։

— Դուն քու արհեստով սափրիչ ես,— ըսավ անիկա,— խանութ մը բանանք, առաջ կերթաս, ամեն մարդ կուզե ֆրանսիացի սափրիչի քով երթ ալ, տես Իզիզորը Պոլսո հարուստներեն մեկն է այսօր։

Խանութը բացին ծովափնյա սրճարաններու շարքին վրա, բանուկ տեղ։ Հազիվ թե գործերը պիտի բացվեին, սահմանադրության հռչակումը եղավ։

Վե՛րջ կապյուտյուլասիոններու։ Մորեղբորը գործերը դադրեցան։ Անիկա՝ զզված նոր Թուրքիո խանդավառութենեն, ունեցածը հավաքեց և կնոջը հետ գնաց Մարսիլիա, առկախ մնացած գործերը հանձնելով կնոջը եղբորը։

Բայց Բեռնարի խանութը կբարգավաճեր։ Այր ու կին սկսան ապրիլ և մտադիր էին արդեն հյուրանոցը թողուլ, տուն մը վարձել, երբ Տրիպոլիի պատերազմը ծագեց։ Նավահանգստի առևտրական կյանքի մեջ տագնապ առաջ եկավ։ Սնանկությունները կհաջորդեին իրարու, և խարդախ սնանկները անպատիժ կմնային։

Բեռնարները նույնպես սնանկություն հռչակեցին իրենց հարևան սրճարանապետին հետ և, կլորիկ գումար մը գրպանած, որոշեցին Պոլիս երթալ և բախտ փնտրել։ Բեռնարները արդեն սկսած էին քիչ մը թրքերեն, քիչ մը հունարեն խոսիլ և հասկնալ և լսեր էին, որ մայրաքաղաքին մեջ պատերազմը, ընդհակառակը, գործերը բացեր էր և, վերջապես, ֆրանսիական դեսպանատունը այնտեղ էր, զանազան պատեհություններ կային և, ինչ որ կարևոր էր, այն էր, որ թեև կապյուտյուլասիոնները օրենքով ջնջված էին, բայց, պատերազմի շնորհիվ, եվրոպացիները փաստորեն կվերստանային իրենց առանձնաշնորհյալ դիրքը:

Ահա թե ինչպես Բեռնարները եկան Կ. Պոլիս և հույն կոշկակարի մը հանձնարարությամբ դիմեցին կոշկակար